ՀԱՊՀ 30 ուսանող՝ բարձր առաջադիմությամբ, ստացել է Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ

ՀԱՊՀ 30 ուսանող՝ բարձր առաջադիմությամբ, ստացել է Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ

Պոլիտեխնիկի երջանկահիշատակ շրջանավարտ և բարերար Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակը միտված է նպաստելու ուսանողների ինտելեկտուալ ներուժի զարգացմանը, ապահովելու ուսումնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը: Հերթական անգամ բարձր առաջադիմությամբ երեսուն ուսանող ռեկտորատի նիստերի դահլիճում ստացան կրթաթոշակ: Հանձնելով կրթաթոշակների հավաստագրերը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը վստահեցրեց, որ յուրաքանչյուր առաջադեմ ուսանող խրախուսվում է: Այս ճանապարհով ուսանողը նկատում է, որ իր առաջադիմությունն ու կատարած աշխատանքն աննկատ չի մնում: Իր խոսքում ռեկտոր Գոռ Վարդանյանը ընդգծել է.«Անվանական կրթաթոշակին արժանանալը պատվաբեր է և պարտավորեցնող, ունի իր խորհուրդը։ Կրթաթոշակակիրներից յուրաքանչյուրը պետք է գրանցի մասնագիտական մեծ հաջողություններ, լինի ճանաչված իր գործում և այդ միջոցով ստեղծի բարիք, որի մի մասն էլ պետք է ապագայում վերադարձնի իր Ալմա մատերին, ինչպես որ արել է Հարություն Գելեջյանը»: 

Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակը սահմանվել է 2016 թվականին Գելեջյանի առաջարկությամբ: Բարերարը Պոլիտեխնիկի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի շրջանավարտ է: Մասնագիտական կրթությունը ստացել է որպես ինժեներ-մեխանիկ: 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և աշխատանքային քսան տարիների ընթացքում իր աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել ամերիկյան հայտնի կորպորացիայի առաջատար ճարտարագետ: Կրթաթոշակի աղբյուրն են հանդիսանում Գելեջյանի կողմից ՀԱՊՀ-ին նվիրաբերված հարյուր հազար դոլար գումարի՝ Հայաստանի բանկային համակարգում ավանդագրված տոկոսները: Բարերարի ցանկությամբ կրթաթոշակ կարող են ստանալ նաև համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ բակալավրի, մագիստրոսի առկա ուսուցման կրթական ծրագրերով սովորող ուսանողները: