Պոլիտեխնիկական համալսարանի և Ֆրանսիայի «Կոնդե» բարձրագույն դպրոցի համագործակցությունը՝ արվեստի, դիզայնի և կրթության ոլորտներում

Պոլիտեխնիկական համալսարանի և Ֆրանսիայի «Կոնդե» բարձրագույն դպրոցի համագործակցությունը՝ արվեստի, դիզայնի և կրթության ոլորտներում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Ալլիանս Պան Արմենիա» ասոցիացիայի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի ներկայացուցիչները մասնակցություն են ունեցել Ֆրանսիայում կազմակերպված «Ֆրանսիական մշակութային ժառանգություն. Պիեռ Օգյուստ Ռենուար, Մարկ Շագալ, Անրի Մատիս» հեղինակավոր ծրագրին։ Այս բացառիկ նախաձեռնության ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել խորապես ուսումնասիրելու ֆրանսիական գեղարվեստական ավանդույթները, ծանոթանալու նշանավոր վարպետների ստեղծագործություններին և փոխանակելու փորձառություններ արվեստի ու դիզայնի ոլորտում։ Ծրագիրը կարևոր հարթակ է դարձել նորարարական մոտեցումների ձևավորման, ստեղծագործական փոխգործակցության և միջազգային մասնագիտական կապերի ամրապնդման համար։

Պոլիտեխնիկական համալսարանից ծրագրում մասնակցություն են ունեցել Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի վարիչի պ/կ Լևոն Թոքմաջյանը, դասախոս Արմինե Սոլոմոնյանը, ինչպես նաև «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի 7 տաղանդավոր ուսանողներ:

Ծրագրի գլխավոր նպատակն էր միջազգային համագործակցության միջոցով ՀԱՊՀ ուսանողների մասնագիտական կարողությունների խորացումը, գեղարվեստական ընկալման զարգացման խթանումը, ինչպես նաև նրանց մշակութային մտահորիզոնի ընդլայնումը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆրանսիական արվեստի մեծագույն վարպետների ժառանգությանը, ուսումնասիրելու դասական և ժամանակակից արտահայտչաձևերը, ինչպես նաև անմիջական շփում ունենալ արվեստի համաշխարհային հեղինակությունների հետ։

Այս բացառիկ նախաձեռնությունը կարևոր քայլ էր ուսանողների ստեղծագործական ներուժի բացահայտման, նոր փորձի ձեռքբերման և միջազգային արվեստի ու դիզայնի հարթակներում Պոլիտեխնիկական համալսարանի ներկայության ամրապնդման ճանապարհին։

Ծրագրի առանցքային բաղադրիչներն էին.

🔹 Վարպետության դասերի մասնակցություն, որտեղ մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին ֆրանսիական արվեստի ազդեցությունն ու դերը ժամանակակից դիզայնում, ձեռք բերեցին նոր տեխնիկական հմտություններ և մասնագիտական մոտեցումներ։

🔹 Մասնագիտական քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, որոնք հնարավորություն տվեցին խորացնել գիտելիքները, փոխանակվել նորագույն փորձով և ծանոթանալ դիզայնի ու կերպարվեստի արդի միտումներին։

🔹 Ֆրանսիայի նշանավոր պատկերասրահներ, թանգարաններ և մշակութային կենտրոններ այցելություն, որի շրջանակում մասնակիցները վերլուծեցին Պիեռ Օգյուստ Ռենուարի, Մարկ Շագալի, Անրի Մատիսի և այլ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները՝ շեշտադրելով նրանց ժառանգության ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։

Ծրագիրն ուսանողներին ընձեռեց համաշխարհային արվեստի շնչին մոտ լինելու, իրենց ստեղծագործական մտահորիզոնը լայնացնելու և դիզայնի ու կերպարվեստի նորագույն մոտեցումներին հաղորդակցվելու եզակի հնարավորություն։

Լևոն Թոքմաջյան․ «Կոնդե» արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում ներկայացված են դիզայնի բոլոր ուղղությունները: Դպրոցի տնօրեն Ժուստին Նաուն մեզ ծանոթացրեց ուսումնական ծրագրերին, մեթոդներին, դիզայնի կրթական նորարարական մոտեցումներին: Ընդգծեմ, որ Պոլիտեխնիկի կրթական մակարդակը համահունչ է միջազգային չափանիշներին, իսկ մեր ուսանողները համաշխարհային հարթակներում կարող են հաջողությամբ ներկայանալ իրենց գիտելիքով ու հմտություններով: Այս փորձառությունը կարևոր քայլ էր ուսանողների ստեղծագործական մտածողության և մասնագիտական աճի համար»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) և Ֆրանսիայի «Կոնդե» արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցը նախատեսում են համատեղ մշակել համագործակցության դրամաշնորհային ծրագիր, որը կամրապնդի երկու կրթական հաստատությունների միջև կապերը։ Կողմերը նպատակ ունեն դիմել Erasmus+ ծրագրին, ինչը հնարավորություն կտա կազմակերպել ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակում, նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը, կրթական փորձի բազմազանեցմանը և մշակութային երկխոսությանը։

Ծրագրի շրջանակում օգոստոսին նախատեսվում է ֆրանսիացի գործընկերների փոխադարձ այց Հայաստան, որի ընթացքում քննարկվելու են համագործակցության մանրամասները, զարգացման ռազմավարությունները և փոխանակման ծրագրի կազմակերպչական բաղադրիչները։