Պոլիտեխնիկական համալսարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ էներգետիկ ոլորտում իրականացնում է կանանց կարողությունների զարգացման դասընթաց

Պոլիտեխնիկական համալսարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ էներգետիկ ոլորտում իրականացնում է կանանց կարողությունների զարգացման դասընթաց

RECONOMY ծրագրի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իրականացնում է «Էներգաարդյունավետ շինարարության ոլորտում հմտությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակը էներգետիկ աուդիտի և էներգաարդյունավետ շինարարության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացումն է։

Այս ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (United Nations Development Programme – UNDP) աջակցությամբ 19 կին հնարավորություն է ստացել մասնակցելու դասընթացին և ձեռք բերելու էներգետիկ աուդիտորի նոր, ոչ ավանդական ու բարձր վարձատրվող մասնագիտություն:

Մասնակից կողմերը՝ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ՄԱԶԾ «Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» նախագծի ղեկավար Ջուլիա Սահակյանը,  «Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գիտահետազոտական լաբորատորիայի» ղեկավար Հայկ Իգիթյանը, ծրագրի համակարգող Հայարփի Հակոբյանը և էներգետիկ աուդիտի դասընթացի մասնակիցները քննարկել են միջանկյալ քննությունների արդյունքը, ընդգծել ծրագրի հաջող ընթացքը: Անդրադարձ է կատարվել մասնակիցների առաջադիմությանը և ուսումնական նյութերի յուրացման մակարդակին:

Հայարփի Հակոբյան․ «Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս գնահատելու առաջընթացը և սահմանելու հետագա գործողությունները՝ ապահովելով ծրագրի հաջող իրականացումը: Սա կարևոր է ծրագրի արդյունավետության բարձրացման համար»:

Ժաննա Հարությունյանը բարձր է գնահատել ծրագրի ընթացքը և Պոլիտեխնիկական համալսարանի մշակած ուսումնական նյութերի բովանդակությունը. «Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է կանանց կայացման ու գենդերային հավասարության ապահովման տեսակետից: Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկի հետ մեր առաջին համագործակցությունը նորարարությունների ոլորտից է: Այսպիսի ծրագրերը հիմք հանդիսանան այլ, բարձր որակի  գործակցությունների համար»:

Շահառուներին ընձեռվող հնարավորություններն են

  • Մասնագիտական գիտելիքի ձեռքբերում էներգաարդյունավետ շինարարության, շենքերի էներգետիկ աուդիտի և կանաչ տեխնոլոգիաների վերաբերյալ,
  • Գործնական փորձ. հնարավորություն մասնակցելու պրակտիկ դասընթացների, որտեղ կարող են աշխատել իրական շինարարական նախագծերի վրա,
  • Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների զարգացում,
  • Կարիերայի հնարավորություն. դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագիր, որը ճանաչվում է ոլորտի տարբեր կազմակերպությունների կողմից՝ հեշտացնելով աշխատանքի ընդունման խնդիրը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (United Nations Development Programme – UNDP) ներկայացուցիչները նշել են, որ ուսումնական գործընթացը կազմակերպվել է այնպես, որ այն մատչելի լինի տարբեր մակարդակի հմտություններ ունեցող մասնակիցներին, ապահովելով հմտությունների զարգացում նրանց համար, ովքեր տարբեր նախադրյալներ ունեն: Այս ծրագիրը, իրենց խոսքով, հստակ ընդգծում է էներգաարդյունավետության ոլորտում մասնագետների պատրաստման կարևորությունը և հանդիսանում է կարևոր քայլ Հայաստանի համար՝ առավել արդյունավետ խթանելու կանաչ տնտեսության զարգացումը և երկրի համախառն էներգետիկ փոխակերպումը։