Իտալական «Asociazone lo per l’Altro» (IPA)-ն կրթամշակութային հասարակական կազմակերպություն է, որի նպատակներից մեկը ներառական և կայուն կրթության զարգացումն է: Կազմակերպության նախագծերը առավելապես ուղղված են երիտասարդների անձնական ու մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը:
IPA-ի՝ «Ոչ ֆորմալ կրթության դերը մասնագիտական զարգացման մեջ» դասընթացի մասնակից տարբեր երկրների մասնագետները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց փորձը և համեմատելու զարգացման միտումները: Հայաստանից մասնակցել են տարբեր կրթական հաստատությունների 14 ներկայացուցիչներ: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Հայրապետյանը միջոցառումը համարում է արդյունավետ:
Դասընթացավար, IPA-ի ուսումնական ծրագրերի համակարգող Մարիա Վիտորիա Բատալիան ներկայացրել է կազմակերպության կրթական ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։ Քննարկվել է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառելիությանը մասնագիտական տարբեր ոլորտներում, դրանց դերը շարունակական ուսուցման և կարիերայի առաջխաղացման գործում։
Լիլիթ Հայրապետյան․ «Դասընթացը ներառում էր քննարկումներ, փորձի փոխանակում և գործնական վարժանքներ, որոնք մեզ հնարավորություն տվեցին վերլուծել ոչ ֆորմալ կրթության առավելություններն ու մարտահրավերները։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերվող հմտություններին: Դասընթացի ավարտին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ոչ ֆորմալ կրթությունը շատ կարևոր է մասնագիտական զարգացման և կյանքիս ուսումնառության համար»։
Պոլիտեխնիկը ռազմավարական կարևորություն է տալիս միջազգային համագործակցությանը և փորձի փոխանակմանը, որոնք բացում են նոր հորիզոններ կրթական միջավայրում։ Նմանատիպ նախաձեռնություններն էականորեն կնպաստեն ուսանողների և դասախոսների մասնագիտական աճին, նոր գիտելիքների ձեռքբերմանն ու կրթական ծրագրերի շարունակական կատարելագործմանը։