Պոլիտեխնիկն ու Կալիֆորնիայի պետական համալսարանը գործակցում են արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ

Պոլիտեխնիկն ու Կալիֆորնիայի պետական համալսարանը գործակցում են արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ

Պերովսկիտ-սիլիցիումային տանդեմ ֆոտոգալվանները նորարարական են արևային էներգետիկայի բնագավառում:

ՀՀ գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցությանն ուղղված դրամաշնորհի շրջանակում ՀԱՊՀ գիտական խումբը՝ ՀԱՊՀ հիմնադրամի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Այվազյանի ղեկավարությամբ, իրականացնում է «Պերովսկիտ-սիլիցիում երկանցումային արևային տարրերի մշակում» թեմայով նախագիծը: Նպատակն է պատրաստել ու թեստավորել բարձր արդյունավետության պերովսկիտ-սիլիցիում տանդեմային արևային տարրեր:

Նախագծի արտասահմանյան գործընկեր Կալիֆորնիայի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում Գագիկ Այվազյանը գործուղվել է ԱՄՆ, հանդիպել արևային էներգետիկայի բնագավառի ճանաչված փորձագետների հետ:

Գագիկ Այվազյան․ «Գործուղման ընթացքում մեր գործընկեր, Կալիֆորնիայի պետական համալսարանի հայազգի պրոֆեսոր Վլադիմիր Գասպարյանի օժանդակությամբ և իրենց տեխնիկական միջոցներով իրականացվել են մեր ստացած նմուշների ֆոտոէլեկտրական բնութագրերի չափումներ և հետազոտություններ: Ձեռք ենք բերել համագործակցության պայմանավորվածություն»:

Պոլիտեխնիկի դոցենտ Գագիկ Այվազյանը նաև մասնակցել է Solar Energy Workshop-ին՝ ներկայացնելով ՀԱՊՀ թիմի մշակումը և ծանոթացել այլոց աշխատանքներին: Հայ գիտնականի խոսքով, նման գիտական թեմաների համար միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս համատեղել տարբեր երկրների ռեսուրսներն ու փորձը: