Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրների մասնագիտացված դպրոցների միջև անցկացվող ամենամյա մրցույթ է՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում:
Յուրաքանչյուր առարկայից օլիմպիադան անցկացվում է երկու փուլով, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաները՝ տեսական ձևաչափով, իսկ ֆիզիկան՝ տեսական և փորձարարական:
Այս տարի Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացված 21-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 15 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցը ներկայացել է 4 աշակերտից կազմված թիմով՝ դպրոցի օլիմպիադայի խմբավար Հովսեփ Կարապետյանի ղեկավարությամբ:
Մեր մրցանակակիրներն են.
- Էմիլ Հարությունյան, 11-րդ դասարանի աշակերտ՝ բրոնզե մեդալ,
- 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Պետրոսյան, Գառնիկ Գավալջյան և Հայկ Հակոբյան՝ գովասանագիր,
- Հովսեփ Կարապետյան, ոսկե մեդալ՝ ուսուցիչների և մարզիչների միջազգային օլիմպիադայի մարզիչների լիգայում գրանցած հաջողության համար:
ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, օլիմպիական թիմի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանի կարծիքով, աշակերտների ձեռքբերումները պայմանավորված են նրանց հետևողական աշխատանքով, որակյալ ուսումնամեթոդական նյութերով և հետաքրքրասիրությամբ:
Հովսեփ Կարապետյան․ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի օլիմպիադայի խմբավար. «Ես բարձր եմ գնահատում Ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների կազմակերպման և օլիմպիական խմբակի հատուկ դասընթացների անցկացման գործում իմ ներգրավվածության հնարավորությունը և շնորհակալ եմ բուհին ու դպրոցին: Սա լավ փորձ է թիմային աշխատանքի, պատասխանատվության և դասավանդման հմտությունների զարգացման համար: Այս տարի արդյունքները գոհացուցիչ են, սակայն եղել են տարիներ, երբ ավելի լավ ենք ներկայացել: Մենք ամեն ինչ կանենք հետագայում ավելի բարձր արդյունք գրանցելու համար»: