ՀԱՊՀ Երևանի քոլեջը՝ Էրազմուս+ ծրագրի «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (REnForce) ծրագրի շահառու

ՀԱՊՀ Երևանի քոլեջը՝ Էրազմուս+ ծրագրի «Վերականգնվող էներգիայի ոլորտում աշխատուժի ներուժի հզորացում» (REnForce) ծրագրի շահառու

«REnForce»-ի թիրախը մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի զարգացումն է՝ վերականգնվող էներգիայի ոլորտի շեշտադրմամբ: Ծրագրի շահառու են եվրոպական ու հայաստանյան 10 կրթական հաստատություններ:

ՎԵրականգնվող ու այլընտրանքային էներգետիկայի սրընթաց զարգացումը հանգեցրել է սպասարկող մասնագետների դեֆիցիտի, որը լրացնելու մտադրությամբ Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը նախաձեռնել է կրթական ծրագրերի մշակում ընտրված երկրներում:

Հիմնական նպատակները.

  • Բարելավել Մասնագիտական կրթության և ուսուցման ծառայությունների մատուցման որակը և ժամանակի պահանջներին համապատասխանությունը՝ աշխատաշուկայում մասնագիտական հմտությունների պահանջվածությունը բարձրացնելու նպատակով:
  • Վերանայել և լրամշակել Մասնագիտական կրթության և ուսուցման ուսումնական ծրագրերը՝ ոլորտի կարիքներին ավելի նպատակային արձագանքելու համար:

«REnForce»-ը նախատեսված է 3 տարվա համար: Այդ ընթացքում, ասում է ՀԱՊՀ հիմնադրամի Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, պետք է մշակվի կրթական չափորոշիչը, ստացվի լիցենզիա և իրականացվի ընդունելություն: Ուսումնառության ընթացքում զգալի դեր է հատկացվելու մասնավոր հատվածի հետ գործակցությանը. շրջանավարտը պրակտիկ  գիտելիքը ձեռք է բերելու հենց ոլորտային բիզնեսի ձեռնարկություններում:

Էլբակ Էլբակյան. «Մեր նպատակը միջին մասնագիտական կրթական աստիճանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է:  Եվ հիմա Քոլեջում կրթությունն իրականացնելու նպատակով ստեղծելու ենք նոր չափորոշիչը՝ հաշվի առնելով գործատուների պահանջները»:

Չափորոշչի մշակմանը զուգահեռ ստեղծվելու է այլընտրանքային էներգետիկայի լաբորատորիա, որից կարող են օգտվել նաև ծրագրի շահառու հայաստանյան այլ հաստատությունների ուսանողները:

Ռաֆֆի Քարամյան․ՀԱՊՀ քոլեջի տնօրեն. «Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կրթություն տրամադրող որևէ հաստատություն դեռևս ուսուցում չի իրականացնում: Մենք պատրաստվում ենք դիմել Մասնագիտական Կրթության Ուսումնական Զարգացման Ազգային Կենտրոնին /ՄԿՈՒԶԱԿ/՝ փորձնական կրթական ծրագիր ներդնելու նպատակով»:

«REnForce»-ի ակնկալվող արդյունքներից են.

  • ՄԿՈՒ գրավչության բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում՝ “ըստ պահանջի” (արևային էներգետիկա) ոլորտում հաջող աշխատանքի տեղավորման փորձի հանրայնացմամբ,
  • Որակավորման պահանջներին ավելի լավ համապատասխանեցումը և ուսանողների աշխատանքի ընդունման մակարդակի բարձրացումը: