Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է։ Այն գործունեություն է իրականացնում ամբողջ աշխարհում՝ ստեղծելով սովի դեմ պայքարի կարողություններ:
Պոլիտեխնիկական համալսարանի հետ Պարենի համաշխարհային ծրագրի գործակցության թիրախը թվայնացման նախաձեռնություններին աջակցելը և ընդհանուր նպատակները առաջ մղելն է:
Քննարկմանը մասնակցել են.
- ՊՀԾ տարածաշրջանային բյուրոյի Տեխնիկական խորհրդատու Դալիա Մանսուրը, Բիզնեսի փոխակերպման պատասխանատու Մոստաֆա Ղալին, Տարածաշրջանային խորհրդատու Օսկար Էքդալը, Հետազոտության, գնահատման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Զարուհի Օհանջանյանը,
- ՀԱՊՀ հիմնադրամի Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը:
Քննարկվել են կիբեռանվտանգության և թվայնացման ոլորտներում Պոլիտեխնիկի հետ փոխգործակցության ուղիներն ու ռազմավարությունը: Ընդգծվել է թվայնացման գործընթացի շրջանակում կիբեռանվտանգության առաջնահերթությունը՝ հաշվի առնելով միջազգային փորձը և անվտանգության չափորոշիչները:
Սարգիս Ասատրյանց. «Հիմնական թեման համալսարանի կայուն զարգացման այն ծրագրերն էին, որոնք կարող են համադրվել ՊՀԾ-ի հետ: Մենք ներկայացրել ենք Պոլիտեխնիկի գործունեության լայն շրջանակը, թվայնացման իրականացված ծրագրերը, որոնք ունեն հաջող փորձ: Անդրադարձել ենք նաև արհեստական բանականության կրթության ոլորտում բուհի ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը»: