«Դուք կպատրաստեք սարքեր, որոնք տեղավորվում են ձեր երազանքի շրջանակում». ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան. Պոլիտեխնիկի աջակցությամբ ֆիզիկայի լաբորատորիայի բացումը Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում

  • Շարժիչի տուրբինային մեխանիզմ, ամպերաչափեր, լամպի միացման շղթա,
  • Էլեկտրամագնիսական մակածման երևույթի, ուժերի չափման սարքեր,
  • Գույների համակցության, մեխանիկական ալիքների առաջացման փորձասարքեր

 

Այս և Պոլիտեխնիկի նվիրաբերած այլ սարքավորումներով դպրոցի աշակերտները արդեն վարժ ցուցադրում են ֆիզիայի իրենց հմտությունները: Ավելին՝ շարժական ու անշարժ ճախարակների, վերելակի, միկրոալիքային վառարանի սեփական մոդելները:

Դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի և աշակերտների շնորհակալական խոսքերից հետո ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի արձանագրումները.

  • Ֆիզիկան միայն այն աշակերտների համար չէ, ովքեր ընտրելու են բնագիտական, ինժեներական կրթություն: Մենք մտել ենք մի աշխարհ, որտեղ ամեն ինչ շաղկապված է տեխնոլոգիաների հետ: Եվ ձեր ցուցադրությունից հասկանում ենք, որ դուք կարողանում եք ձեզ համար բացահայտել ֆիզիկան,
  • Ինձ տպավորեց ձեր նախագծային աշխատանքների որակը: Ոչ ամեն կրթօջախում կհանդիպես այսպիսի արդյունքների: Մենք դա գնահատում ենք:

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր. «Վստահեցնում եմ, որ մեր մեթոդական ու մասնագիտական աջակցությունը կլինի շարունակական: Պոլիտեխնիկը, լինելով տեխնոլոգիական մեծ կրթօջախ, պատրաստ է ձեզ տրամադրել իր լաբորատոր ենթակառուցվածքները: Դրա շնորհիվ դուք կարող եք պատրաստել սարքեր, որոնք տեղավորվում են ձեր երազանքի կամ հավակնությունների շրջանակում»:

Ստեփան Գևորգյան, 8դ. «Մտադիր եմ դառնալ ճարտարապետ: Սիրում եմ ֆիզիկան: Օգտվում ենք այս նոր սարքերից ավելի շատ բան իմանում»:

Ռաֆայել Ռուբինյան, 8դ. «Ինձ էներգետիկան է հետաքրքրում, արևային էներգիայի օգտագործումը: Ուսումս շարունակելու եմ Պոլիտեխնիկում»:

Ֆիզիկայի լավագույն մասնագետներից մեկի՝ ՀԱՊՀ Ավագ դպրոցի Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավարի կարծիքը. 

Ալֆրեդ Պետրոսյան, ՀԱՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ. «Եթե ֆիզիկա առարկայի մատուցումը չի ուղեկցվում փորձարարությամբ, փորձեր կատարելով՝ արդյունքը մեծ չի լինի: Երբ երեխան փորձը կատարելուց հետո զգում է երևույթը՝ դա արդեն ամբողջ կյանքի համար է: Պոլիտեխնիկը լավ սարքավորումներ է տվել դպրոցին, և ենթադրում եմ՝ դա կլինի շարունակական»:

Թիվ 51 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ալվարդ Եղյանի խոսքով, նախկինում ֆիզիկայի կաբինետ էլ չի եղել, տնօրենի շնորհիվ ունեցել են, նաև սարքավորումներ ձեռք բերել, «Սակայն դրանք բավարար չէին: Էականը Պոլիտեխնիկական համալսարանի նվիրատվությունն էր, որից հետո երեխաների մոտ դասից դաս նկատում եմ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրության աճ»:

Դպրոցի ֆիզիկայի լաբորատորիայի բացման միջոցառմանը մասնակցել են նաև ՀԱՊՀ պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, ՀԱՊՀ ղեկավար անձնակազմի անդամներ: ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, բուհը շատ լուրջ է մոտենում իր հանձնառություններին: Սրանով Պոլիտեխնիկը մասնակցում է ոչ թե սոսկ մեկ դպրոցում կրթության որակի բարելավմանը, այլ Հայաստանում բնագիտական կրթության զարգացմանն ու տարածմանը: