ASIIN -ը Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնն է, որի Համալսարանների միջազգայնացման և զարգացման ճանապարհին, ASIIN-ի հավատարմագրումը ապացուցում է բուհի գործունեության համապատասխանությունը եվրոպական բարձրագույն կրթության ստանդարտներին և ուղենիշերին:
Կառույցի հոբելյանին Պոլիտեխնիկի ուսանողների նվերը կարմիր տուֆից իրենց պատրաստած հուշանվերն էր՝ ASIIN լոգոտիպով և ճախրող աստղով: Այն, ասում է պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, խորհրդանշում է գործակալության հատկությունները՝ ուժ, ճկունություն, հաստատակամություն և որակ. «Կարմիր տուֆը՝ հայկական հրաբխային քարը, ներկայացնում էր արարչագործությունը և դարերի պատմությունը։ Ճախրող աստղը՝ ASIIN -ի ճանապարհը, առաջընթացի և շարունակական նվաճումների ուղին, որը բարձրանում է դեպի վեր»։
Մյունխենում ASIIN գործակալության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման հիմնական նպատակն էր անցած տարիների աշխատանքի արդյունքը ներկայացնելը և ապագայի մարտահրավերների, ձգտումների ու առաջնահերթությունների քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են մոտ 70 երկրների կրթագիտական, պետական կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցել է միայն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի 4 կրթական ծրագրեր 2016-2021թվականներին հավատարմագրել է հենց ASIIN-ը։
Սարգիս Ասատրյանց, Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր, «ASIIN-ի հոբելյանական միջոցառման օրակարգը կենտրոնացած էր բարձրագույն կրթության քաղաքականության և եվրոպական շրջանակների հիմնական հեռանկարների վրա: Այդ մասին հանգամանալից խոսեց կառույցի գործադիր տնօրեն, դոկտոր Իրինգ Վասսերը, դոկտոր, պրոֆեսոր Հանս-Յոահիմ Բարգշտադտը EQAR-ի նախագահ Ստեֆան Լոուիկը»:
ՀԱՊՀ պրոռեկտորը երկկողմ հանդիպումներ է ունեցել Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի Գործառնական ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորի, Համակարգչային գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Հանս-Յոախիմ Բունգերցի, և Միջազգային հարաբերությունների պատասխանատու Ֆռաուկ Շվայնսբերգ Դեննիգեռի հետ:
Սարգիս Ասատրյանց. «Մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացա TUM-ի գործունեությանը և «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում նախատեսվող համագործակցության ուղղություններին: Բովանդակային քննարկումներ ենք ունեցել բուհերի խոշորացման և դրանից բխող խնդիրների, կրթության, գիտության, արտադրության և մասնավոր հատվածի արդյունավետ գործակցության և այլ հարցերի շուրջ: Ծանոթացա խոշոր մասնավոր կազմակերպությունների հետ գործակցության եղանակներին և պատմություններին»: