Պոլիտեխնիկը՝ էներգաարդյունավետության և «կանաչ էներգիայի» զարգացման առաջատար

Պոլիտեխնիկը՝ էներգաարդյունավետության և «կանաչ էներգիայի» զարգացման առաջատար

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում ամփոփել են «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագիրը՝ ՀՀ ՏԿԵ նախարարության և Կայուն զարգացման Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ (R2E2):

Մոտ 3 ամիս մարզերում ու Երևանում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ, անցկացվել են ինտենսիվ թեմատիկ դասընթացներ՝ բարձրագույն և հանրակրթական հաստատությունների, համայնքների ու մարզպետարանների ներկայացուցիչներ հետ:

Ամփոփիչ միջոցառմանը սերտիֆիկատ  է ստացել վԵրապատրաստման դասընթացների 25 մասնակից: Եվս 179-ը՝ մարզերում: ՀԱՊՀ ռեկտորը ներկաների ուշադրությունը կրկին հրավիրել է կլիմայի փոփոխության մարտահրավերներին, շեշտել՝ ծրագիրը նպատակ է հետապնդել հանրությանը փոխանցելու այն գիտելիքն ու կարողությունները, որոնք կնպաստեն խնդիրների լուծմանը:

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր.«Պոլիտեխնիկական համալսարանը, լինելով տեխնոլոգիական կրթական հաստատություն, հանրակրթության, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության, շարունակական կրթության և իրազեկման ուղղությամբ մասնագիտական դրսևորումների առաքելություն ունի, և այս ծրագիրը, ըստ էության, այդ դրսևորումներից մեկն է»:

Գործընկերներ կառույցների ղեկավարները խոսել են նաև համատեղ իրականացված այլ ծրագրերի մասին, վստահություն հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:

Կարեն Ասատրյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն. «Պոլիտեխնիկի հետ մենք ունենք նաև գիտական ու կրթական մաս, որը նպաստում է երիտասարդների շրջանում էներգախնայողության վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը: Էներգախնայողությունը և էներգաաուդիտի ինստիտուտը Հայաստանում մեծ կարևորություն ունեն էներգետիկ զարգացման և արդյունաբերությունն ավելի էֆեկտիվ դարձնելու գործում: Էներգետիկ աուդիտը պետք է լինի մեր երկրի էներգետիկայի ոլորտի կարևոր օղակներից մեկը»:

Ծրագրի իրականացման մարզերը՝ Սյունիքը, Շիրակը և Լոռին, պատահականորեն չեն ընտրվել: Այդ մարզերում, ասում է ՀԱՊՀ ռեկտորը, Պոլիտեխնիկը իրականացնում է կրթական առաքելություն՝  հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում: Այդ ինստիտուցիոնալ գործընթացները, որոնք արտահայտվում են կրթական և շարունակական կրթական գործընթացների և հանրային ծրագրերի կազմակերպման տեսակետից, աներկբա նպաստելու են, որ հասնենք մեր նպատակին:

Գոռ Վարդանյան. ՀԱՊՀ ռեկտոր. «Ես պաշտոնական նամակ ստացա «Գրին մետրիկ» միջազգային կազմակերպությունից, որը զբաղվում է աշխարհի լավագույն համալսարանների՝ որպես կայուն, կանաչ համալսարան վարկանշավորմամբ.Պոլիտեխնիկը դարձել է Հայաստանի առաջին կայուն և կանաչ համալսարանը՝ զբաղեցնելով 903-րդ հորիզոնականը: Անցած տարի Հայաստանում մենք երկրորդն էինք, այս տարի՝ առաջինը»:

ՀԱՊՀ ռեկտորը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարին ամփոփելիս նման ծրագրերը նպաստելու են Պոլիտեխնիկի դիրքերի բարելավմանը՝ պահպանելով կայուն և կանաչ համալսարանի համբավը, նաև՝ ինստիտուցիոնալ կրթական գործընթացների, ուսումնական ծրագրերի և կրթության փոխանցման գործիքների միջոցով բարեփոխումների իրականացմանը»: