ՀԱՊՀ Ավագ դպրոցի ուսուցիչները հաղթահարում են նոր բարձունքներ կամավոր ատեստավորման միջոցով

ՀԱՊՀ Ավագ դպրոցի ուսուցիչները հաղթահարում են նոր բարձունքներ կամավոր ատեստավորման միջոցով

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի ուսուցիչները շարունակում են իրենց մասնագիտական զարգացման ուղին: Վերջերս դպրոցից թվով 79 մանկավարժներից 50%-ից ավելին՝ 33 ուսուցիչ, մասնակցել են կամավոր ատեստավորման ծրագրին և հաջողությամբ անցել այն:

Կամավոր ատեստավորումը հանրակրթական դպրոցներում ներդրված գործընթաց է, որի նպատակն է գնահատել ուսուցիչների առարկայական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները՝ խթանելով նրանց մասնագիտական աճն ու աշխատավարձի բարելավումը: Ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը սահմանվում է 200.000 ՀՀ դրամ, որին ավելանում է համապատասխան հավելավճար:

Նոր հնարավորություններ և հորիզոններ

Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանն ընդգծում է «Կամավոր ատեստավորումը մեր ուսուցիչների համար ոչ միայն կարևոր հնարավորություն է՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները վերահաստատելու, այլև նոր բարձունքներ նվաճելու։ Այս գործընթացը յուրօրինակ մարտահրավեր է, որը կարող է բացել զարգացման նոր դռներ։ Ես մեծ հավատ ունեմ մեր մանկավարժների ներուժին և խորհուրդ եմ տալիս բոլորին մասնակցել այս ծրագրին՝ վստահ լինելով, որ նրանք կարող են հաղթահարել այն և ձեռք բերել նոր մոտիվացիա իրենց մասնագիտական առօրյայում»։

Նշենք, որ 79 մանկավարժներից 10-ի առարկաների համար ատեստավորման գործընթաց նախատեսված չէ, ուստի նրանք չեն կարող մասնակցել։ Այս ցուցանիշը ևս վկայում է, որ դպրոցի ուսուցիչների մեծ մասը պատրաստակամ է շարունակել զարգանալ՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Ատեստավորումն անցած ուսուցիչներից մեկը Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ստելլա Առաքելյանն է՝ Արցախից: 35 տարի աշխատել է Ստեփանակերտում․ ՀԱՊՀ Ավագ դպրոցում մեկ տարի է: Գրանցել է 91 % ցուցանիշ: «Կամավոր ատեստավորումն ունի իր դրական և բացասական կողմերը:Դրականը լավ վարձատրվելու հնարավորությունն է, ինչը շատ ոգևորիչ է: Սակայն եթե խոսեմ, ոչ միայն իմ մասին, այլև ուրիշների, կարող եմ ասել, որ ոչ բոլոր ուսուցիչները կարող են հաղթահարել այդ թեստերը: Իմ կարծիքով պետք է տարանջատում լինի տարբեր տարիքային խմբերի հետ աշխատող ուսուցիչների միջև: Շատերի համար անհասկանալի է, ինչու տարրական, միջին և ավագ դպրոցներում աշխատող ուսուցիչների մասնագիտական որակները պետք է նույնը լինեն: Չէ որ տարբեր տարիքային խմբերում պահանջները տարբեր են»,- ասում է մանկավարժ Առաքելյանը:

Մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Մկրտչյանը, ով մանկավարժությամբ զբաղվում է 1980 թվականից, ևս դրական է արտահայտվում ատեստավորման մասին։ Նա նշել է․ «Ատեստավորումը կարևոր քայլ է մասնագիտական աճի համար, թեև թեստերի ձևաչափը կարող է բարդ թվալ որոշ ուսուցիչների համար։ Այն հիմնականում գնահատում է առարկայական գիտելիքները, բայց ոչ մանկավարժական հմտությունները։ 1994-ին անցկացվել է առաջին ատեստավորումը և ես եղել եմ առաջիններից մեկը, ով մասնակցել է: Այն ժամանակ դա մանակավարժի աշխատավարձին ավելացնում էր 1000 ՀՀ դրամ: Այս անգամ գրանցել եմ 97% արդյունք, ստանում եմ 50% հավելավճար: 2012 թվականին՝ Պոլիտեխնիկի Ավագ դպրոց ընդունվելիս, արդեն ունեի տարակարգ», – նշում է Մկրտչյանը:

Ատեստավորման կարևորությունը

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրումը մեր կրթական համակարգում կարևոր հանգրվան է, որը նպաստում է ուսուցիչների մասնագիտական առաջընթացին և նրանց համար բացում է զարգացման նոր հորիզոններ։ Այս գործընթացը ոչ միայն հնարավորություն է տալիս ուսուցիչներին վերաարժևորելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, այլև խթանում է իրենց մասնագիտական աճն ու առաջընթացը։

ՀԱՊՀ հիմնադրամի Ավագ դպրոցի ուսուցիչների հաջողությունները այս ոլորտում վկայում են կրթության բարձր որակի, դպրոցի ամուր արժեքների և հաստատված ստանդարտների մասին։ Սա հստակ ցույց է տալիս, որ դպրոցն արժանապատվորեն առաջնորդվում է կրթության գերազանցության իր առաքելությամբ՝ տալով ուսուցիչներին լավագույն պայմանները և հնարավորությունները։