Ինչպես տեղեկացրել էինք, ՀԱՊՀ մասնագիտական թիմը Հայաստանի մարզերում իրականացնում է իրազեկման արշավներ՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագրի շրջանակում: Այդ միջոցառումներն արդեն անցկացվել են Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում:
Այս փուլում համալսարանի թիմը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և հրավիրված մասնագետների համար: Դրանք հաջողությամբ ավարտածները կստանան համապատասխան սերտիֆիկատ:
Դասընթացները անցկացնում են.
- Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գ/հ լաբորատորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը,
- Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պ/կ Հայկ Ակարմազյանը,
- Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի դոցենտ Անդրանիկ Առաքելյանը:
Հայկ Ակարմազյան․ «Ես անդրադարձա 2 հարցի՝ էներգետիկ կառավարման կարևորությանը և այդ նպատակով էներգետիկ աուդիտ իրականացնելու ձևերին ու անհրաժեշտությանը: Առաջին մասում ներկայացրի՝ ինչպես կարելի է փոքր ծախսերով հասնել էներգախնայողության, երկրորդում՝ ինչպես դա անել: Ներկայացրել եմ նաև էներգետիկ աուդիտի հիմնախնդիրները, տեսակները և փուլերը»:
Անդրանիկ Առաքելյան․ «Խոսեցի հասարակական նշանակության շինություններում էներգախնայողության մասին: Անդրադարձա կայուն զարգացման հայեցակարգին, նպատակներին, ջերմային կորուստների, շենքերի ջերմային պաշտպանության խնդիրներին: Թեման ամփոփել եմ շրջակա միջավայրի, տնտեսության, սոցիալական բարեկեցության համար էներգախնայողության ու էներգաարդյունավետության օգուտներով»:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից», համակարգվում՝ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աջակցությամբ։ Այս նախագծում Պոլիտեխնիկը խորհրդատու կազմակերպություն է: