Հայաստանում իրականացվում է «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագիր, որի շրջանակում ՀԱՊՀ մասնագիտական թիմը մարզերում իրականացնում է իրազեկման արշավներ ու վերապատրաստման դասընթացներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից», համակարգվում՝ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աջակցությամբ։ Այս նախագծում Պոլիտեխնիկը խորհրդատու կազմակերպություն է:
Առաջին միջոցառումը կայացել է Սյունիքի մարզում, Կապան քաղաքում: Մասնակցել են մարզային բուհերի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, հանրակրթական հաստատությունների, մարզպետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, էներգետիկ ոլորտի մասնագետներ:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ.
• Էներգաարդյունավետության և էներգախնայողության մեխանիզմների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը,
• Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման հնարավորությունների, էներգաարդյունավետության նորարարական լուծումների և «կանաչ էներգիայի» կիրառման ուղիների ներկայացումը։
Ռոմիկ Ավոյան, ծրագրի անդամ, ՀԱՊՀ ԷԷ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար. «Այդ միջոցառումները միտված են կայուն զարգացմանը, մարդու կյանքի որակի բարձրացմանը, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետման կրճատմանը։ Պոլիտեխնիկը հանձնառու է շարունակելու երկրի էներգաարդյունավետության բարձրացման ու «կանաչ էներգետիկայի» զարգացման իր առաքելությունը՝ որի վերջարդյունքը բոլորիս համար կայուն ու էկոլոգիապես պատասխանատու ապագան է»։
Իրազեկման արշավներից հետո կմեկնարկեն վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտածները կստանան սերտիֆիկատ: