Պատրաստ եմ. ՀԱՊՀ աշխատակից Միքայել Արամյանի տպավորությունները՝ ՀՀ ԶՈւ պահեստազորայինների 25-օրյա հավաքից

Պատրաստ եմ.  ՀԱՊՀ աշխատակից Միքայել Արամյանի տպավորությունները՝ ՀՀ ԶՈւ պահեստազորայինների 25-օրյա հավաքից

Հարգելի պարոն Վարդանյան,

Գոհունակությամբ հայտնում եմ Ձեզ, որ Ձեր աշխատակից Միքայել Արամյանը, ՊՆ N զորամասի բազայի վրա իրականացվող ՀՀ ԶՈւ պահեստազորայինների 25-օրյա հավաքների շրջանում ցուցաբերել է բարեխիղճ մոտեցում պարտականությունների և առաջադրանքների կատարման նկատմամբ: Կարողացել է յուրացնել զինվորական դժվար մասնագիտությունը:

Այս տողերով է սկսվում է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատարի շնորհակալագիրը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին: Գիտելիքների ձեռքբերման, ամրապնդման, բանակային կյանք կարճատև վերադարձի մասին՝ Միքայել Արամյանի բառերով:

– Բանակում անցկացրած այդ 25 օրը համարում եմ օգտակար: Ձեռք բերեցի նոր գիտելիքներ, տիրապետեցի նոր զենքի: Ժամկետային ծառայության ժամանակ եղել եմ Դ-20 հաուբիցի հրամանատար: Այս անգամ՝ 82մմ ականանետի:

– Ապրել ենք ըստ բանակային կարգացուցակի. 6.30 վերկաց, առավոտյան ստուգատես,  ճաշարան և մինչև 17-ը՝ պարապմունքներ՝ տեսական ու գործնական, իհարկե, ճաշի ընդմիջումով: Սնունդը գերազանց էր:

Հնարավորություն եղավ նաև սովորածը գործնականում կիրառելու: Մի քանի օր դաշտային պայմաններում էինք, զորավարժարանում: Մարտական կրակով վարժանքներ ենք անցկացրել: Իհարկե, ականանետն ու հրանոթը ունեն իրենց առանձնահատկությունը, բայց շուտ հմտացանք: Ընդհանուր առմամբ, իմ ստորաբաժանման կրակը գնահատվեց գերազանց:

– Ծառայության շրջանում էլ իմ ստորաբաժանումը լավ արդյունք էր գրանցում, մի անգամ «Զինուժից» էին եկել նկարելու: Այս հավաքը կարելի է ասել, «արթնացրեց» զինվորական բնազդներս: Տվեց, գիտելիք, որը կարող է օգտագործվել ըստ անհրաժեշտության, եթե պատերազմ սկսվի: Ի դեպ, պետք է շնորհակալություն հայտնեմ մեր հրամանատարներին, որոնք մարտական ուղի անցած սպաներ էին և իրենց փորձառությունը փոխանցում էին մեզ: Այնպես որ, պատրաստ եմ: