«Իմ ձեռքբերումը շնորհակալ աշակերտներն են»․ Ռուբինա Ղազարյան: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ուսուցչուհին 4-րդ աստիճանի տարակարգ է ստացել

«Իմ ձեռքբերումը շնորհակալ աշակերտներն են»․ Ռուբինա Ղազարյան: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ուսուցչուհին 4-րդ աստիճանի տարակարգ է ստացել
Որակավորման տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին, աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է: Գործընթացը ենթադրում է հավելավճարների կիրառում․օրինակ, չորրորդ աստիճանի տարակարգի դեպքում ուսուցչի աշխատավարձն ավելանում է 50 տոկոսով։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուբինա Ղազարյանը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի  երկրորդ մանկավարժն է, որը ստանում է  որակավորման ամենաբարձր տարակարգի աստիճան։ Սկսել է աշխատել ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետը դեռ չավարտած և արդեն 18 տարի  Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում է:
«Տարակարգից առաջ բարձր ցուցանիշներով կամավոր ատեստավորում եմ անցել. անհրաժեշտ էր 80% արդյունքի հավաստում, ես գրանցեցի 92%: Նախարարություն ներկայացրել էի  մանկավարժական կարողությունների և հմտությունների ստուգման փաթեթը: Թեմատիկ պլանների, բնութագրերի, նկարահանված դասերի և այլ բնութագրիչների միջոցով ուսուցիչը պետք է կարողանա ցույց տալ իր մանկավարժական աշխատանքային հմտություններն ու հնարքները», – ասում է Ռ․ Ղազարյանը:
Մանկավարժի խոսքով, աշակերտներին պետք է տալ ոչ միայն գիտելիք, այլև ձևավորել ու զարգացնել ինքնուրույն մտավոր աշխատանք իրականացնելու կարողությունը: – Ես դասարան եմ մտնում այնպես, կարծես այնտեղ նստած է երկրի ապագան: Այս տարիների իմ ձեռքբերումը շնորհակալ աշակերտներն են, – իր զգացումը այդպես է նկարագրում Ռ․ Ղազարյանը: