Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) Որակի ապահովման (ՈԱ) ֆորումը մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է ՈԱ-ի պատասխանատու բուհական ղեկավարների, ուսանողների, Որակի ապահովման մարմինների և ոլորտի հետազոտողների համար: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամն ասոցիացիաի լիիրավ անդամ է:
- Այս տարվա հիմնական մարտահրավեր է համարվել Արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությունը որակի ապահովման վրա. անցկացվել են աշխատաժողովներ, պանելային քննարկումներ, թրեյնինգներ,
- Քննարկել են՝ ինչպես պայքարել ուսանողական թեզերում Արհեստական բանակությանի չարաշահման դեմ, երբ վերջինս ինքն է զարգանում, լեզուն դարձնում ավելի «մարդկային» և ինքն է «պայքարում» իր դեմ պայքարողների դեմ,
- Հրատապ է գնահատվել Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում Որակի ապահովման ստանդարտների և ուղեցույցների (ESG) արդիականացումը. գործողը, որով առաջնորդվում է եվրոպական 47 երկիր՝ ընդունվել է դեռ 2015 թվականին:
«Տվյալահեն քաղաքականության մշակում. Արհեստական բանականությունը ինչպե՞ս կարող է նպաստել ուսանողների առաջադիմությանը»
Այս վերնագրով զեկույցի պանելային քննարկումներից մեկի մոդերատորը ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն էր: Խորվաթ գործընկերները ներկայացրել էին Արհեստական բանականության վրա հիմնված ծրագիր, որը գնահատում է ուսանողի առաջադիմությունը, դուրս մնալու հավանականությունը և վաղ արձագանքման միջոցով համակարգը կառավարողին տեղեկացնում է ռիսկերի մասին: Ընդհանուր առմամբ վերլուծվում է 17 գործոն, գնահատականներից մինչև վճարունակություն:
«Նրանց էլ հետաքրքրում էր, թե մենք ինչ գործոններ ենք հաշվի առնում, ինչ գործիքներ օգտագործում՝ ուսանողի առաջխաղացումը կամ դուրս մնալու ռիսկը գնահատելիս», – ասում է պրոռեկտոր Ս. Ասատրյանցը:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
- EUA -ում դեռևս չկա միասնական մոտեցում Որակի Ապահովման ստանդարտների փոփոխության հարցում, սակայն կա ընկալում, որ այսպես երկար շարունակվել չի կարող,
- Արհեստական Բանականության կիրառմամբ բուհական առաջադիմությունը գնահատելը որոշ ռիսկեր է պարունակում՝ կապված անձնական տվյալների մշակման կարգավորումների հետ,
- Հրամայական է ուսանողական թեզերում Արհեստական բանականության առկայությունը գնահատող գործիքակազմի կատարելագործումը:
Սարգիս Ասատրյանց. «Մենք հաղորդակցվեցինք կրթության որակի ապահովման համաշխարհային միտումներին ու տենդենցներին: Չեմ կարող ասել, թե դրանք շատ են տարբերվում: Սա լուծումների ու գաղափարների նոր հարթակ է, որտեղ բոլորս տեսնում ենք գործընկերների առաջարկած այլընտրանքները և դրանք տեղայնացնելով մշակում ենք մեր մոդելը: Կուզենայի, որ մեզ մոտ՝ հայկական համայնքով, մենք էլ ունենանք որակի ապահովման հարցերի քննարկում, Պոլիտեխնիկը ունի այդ ներուժը՝ դառնալու ազգային մակարդակով Որակի ապահովման մասնագետների դիսկուսիոն հարթակ»:
Այս տարվա բարձր մակարդակի ֆորումին մասնակցել է մոտ 600 մասնագետ 37 երկրից՝ բուհերի, պետական հաստատությունների, Որակի ապահովման միջազգային հավատարմագրում իրականացնող ու այլ կառույցների ներկայացուցիչներ: