Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կայացել է «Որակ. համապատասխանությունից մինչև իրականացում» խորագրով ուսումնագիտական ինտերակտիվ թրեյնինգ, որը նվիրված էր որակի ապահովման համընդգրկուն խնդիրներին, կառավարման և գնահատման միջազգային մեխանիզմներին։ Թրեյնինգի նպատակն էր բարձրացնել որակի ապահովման մշակույթի կարևորությունը դասախոսների, ուսանողների, կառավարման մասնագետների, փորձագետների, աուդիտորների և գործարարների շրջանակում։
ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ որակի ապահովման գործընթացները Պոլիտեխնիկում շարունակական բնույթ ունեն: «Համալսարանն այս պահին անցնում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց՝ համագործակցելով ASIIN միջազգային կազմակերպության հետ, ինչը կարևոր և պատասխանատու քայլ է: Մենք նաև նախատեսում ենք ապագայում անցնել կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրում՝ նույն գործակալության հետ»,- նշել է պրոռեկտորը։
Պրոռեկտորը նշել է, որ որակի ապահովման գործընթացները խթանում են ուսուցման և կառավարման համակարգերի արդյունավետությունը, նպաստելով համալսարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:
Միջոցառման պատվավոր հյուր, ՀՃԱ ակադեմիկոս և «Ստանդարտ դիալոգ» ընկերության որակի կառավարիչ Հայկուշ Բատիկյանը և ՀԱՊՀ Որակի ապահովման վարչության պետ Նվարդ Ամիրբեկյանը ներկայացրել են ուսուցման գործընթացում որակի ապահովման արդի պահանջները։ Նրանք անդրադարձել են որակի գլխավոր բաղադրիչներին, ESG չափորոշիչներին, ISO 9001 և ISO 14001 համակարգերին՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է զարգացնել որակի հսկողության և շարունակական բարելավման գործընթացները։
Միջոցառման առանցքային բաղադրիչները
- Ուղեղային գրոհներ՝ որակի ապահովման հասկացությունների և գործողությունների պարզաբանման համար։
- Պանելային քննարկումներ՝ Դեմինգի «PDCA» մոդելի կիրառության, ռիսկ-կառավարման մեթոդների և որակի վերահսկողության հմտությունների շուրջ։
- Մասնակիցների ներգրավվածություն՝ սեփական ինքնավերլուծական կարողությունների զարգացման և բարելավման ուղղությամբ։
Թրեյնինգի երկրորդ հատվածում բանախոսները ներկայացրել են «որակի հսկողության» և «անընդհատ բարելավման» միջև տարբերությունները, անդրադարձել մարդկային գործոնի դերին՝ որակի կառավարման և ռիսկերի նվազեցման գործընթացում։
Նվարդ Ամիրբեկյանը նշել է, որ նման միջոցառումները նպաստում են համալսարանի ներքին որակի ապահովման կարողությունների ամրապնդմանը՝ ապահովելով կրթական գործընթացների շարունակական բարելավում։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է ՀԱՊՀ-ի համար՝ միջազգային գործընկերների հետ համընթաց որակյալ կրթության ապահովման ճանապարհին: