Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Սովորի՛ր, նորարարի՛ր, վաճառի՛ր, հաջողի՛ր»(Learn – Innovate – Sell – Succeed, LISS24) նախագիծը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի և Վրաստանի բուհերի շրջանավարտների B2B վաճառքի և նորարարական կարողությունները։ Նախագծի կոնսորցիումը ներառում է 10 համալսարան և 2 կրթական հաստատություն՝ նպաստելով ճարտարագիտական կրթության արդիականացմանը։
Իսպանիայի Վալենսիա քաղաքի Պոլիտեխնիկական համալսարանում կայացած «Ինովացիոն իրավասություն․ ինչպես զարգացնել ձեռներեցության և նորարարության հմտություններ» մրցույթին ՀԱՊՀ թիմը պատվով է ներկայացրել Հայաստանը։ Թիմի կազմում էին՝
- Ռուբեն Աղգաշյանը՝ LISS24 նախագծի հայաստանյան համակարգող և ՀԱՊՀ Թվային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար,
- Գոռ Մարտիրոսյանը՝ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար,
- Լիդա Աղաջանյանը՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող,
- Գոհար Սարգսյանը՝ մասնագիտական խմբի անդամ
Մրցույթի կարևոր ձեռքբերումները
Ռուբեն Աղգաշյան․ «Եվրոպացի գործընկերները մեզ փոխանցեցին ոչ միայն տեսական գիտելիք, այլև,գործնական վարժանքների միջոցով՝ B2B վաճառքի և բանակցությունների վարման իրենց փորձառությունը։ Այն մեր համալսարանին կօգնի նոր մակարդակի հասցնելու ինժեներական կրթությունը՝ շեշտը դնելով արդյունքների գնահատման և կառավարման հմտությունների զարգացման վրա»։
ՀԱՊՀ ուսանողներ Հայկ Գրիգորյանի և Գոհար Սարգսյանի մշակած LISS24 նախագծի պաշտոնական կայքը (www.LISS24.com) եվրոպացի գործընկերները բարձր են գնահատել՝ որպես նորարարական և տեխնիկապես գրագետ լուծում։ Կայքում ներկայացված են նախագծի նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները։
ՀԱՊՀ թիմը թողարկել է նաև «LISS 24 at NPUA» տեղեկատուի առաջին համարը, մնացած 5-ը կթողարկեն նախագծի մասնակից այլ համալսարանները։
Հետագա քայլերը
Լիդա Աղաջանյանը ներկայացրել է «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար նախատեսված «Sales Management and Innovation» դասընթացի նոր ուսումնական ծրագիրը, որը կմեկնարկի փետրվարին. «Հունիսին կկազմակերպենք «B2B Sales and Innovation» մրցույթը, որի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն B2B բանակցությունների վարման և «ինտելեկտուալ ապրանքի» վաճառքի հմտություններ»։
Գոռ Մարտիրոսյանը հավելում է․ «Մեր թիմը իրականացրեց «Training of Trainers (ToT)» վարժանքներ՝ նպատակ ունենալով նորարարական ու վաճառքի հմտությունների զարգացման մեթոդները ներմուծել համալսարաններ։ Սա ապագա մասնագետներին կօգնի լիարժեք պատրաստվել՝ շուկայում հաջողելու համար»։
Միջազգային համագործակցության ներուժը
Այս ծրագրի և մրցույթի արդյունքում ՀԱՊՀ-ն ամրապնդեց իր դիրքերը՝ որպես կրթական հաստատություն, որը, ամուր կապեր հաստատելով եվրոպական առաջատար համալսարանների հետ՝ նպաստում է նորարարությունների և ձեռներեցության զարգացմանը։
ՀԱՊՀ-ի մասնակցությունն այս մրցույթին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական ինժեներական կրթությունը մրցունակ է միջազգային ասպարեզում։