Կանաչ կավով պղնձի կորզումից մինչև դեղերի անալիզի նորագույն մեթոդներ. Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովի քիմիական ուղղության թեմաները

Կանաչ կավով պղնձի կորզումից մինչև դեղերի անալիզի նորագույն մեթոդներ. Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովի քիմիական ուղղության թեմաները

Հետազոտական աշխատանքներն այս տարի նվիրված էին հանքարդյունաբերության հոսքաջրերի մաքրմանը, երկրաջերմային էներգիայի և արժեքավոր մետաղների կորզմանը, դեղագործության ոլորտում անալիզի նոր հնարավորություններին, սիլիցիում օրգանական միացությունների գործնական կիրառությանը, կլիմայի փոփոխություններով պայմանավորված ազդեցությունների մեղմման տեխնոլոգիական լուծումներին:

Զեկուցումների հեղինակների համար ոգևորիչ էր քննարկումների նկատմամբ նման հետաքրքրությունը. մասնակցում էին ոչ միայն Պոլիտեխնիկի հետազոտողներն ու ուսանողները, այլև գիտնականներ ԵՊՀ-ից, Գիտությունների ազգային ակադեմիայից, երկրի առաջատար արդյունաբերական և արտադրական ձեռնարկություններից: Գիտաժողովը գրավել էր նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող հեղինակավոր միջազգային բիզնեսի ուշադրությունը, որոնց հայաստանյան գրասենյակները մասնագետներին են ներկայացրել քիմիական և բնապահպանական անալիտիկ սարքավորումների նորագույն լուծումներն ու նվաճումները:

Արտաշես Թադևոսյան, Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի պրոֆեսոր. «Գիտաժողովի հիմնական նպատակն է տարվա ընթացքում կատարված աշխատանքները, բացթողումներն ու անելիքը ներկայացնելը: Սա հնարավորությունների հարթակ է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, մագիստրոսների և ուսանողների համար՝ գիտական զեկույցներով ներկայացնելու իրենց մշակումները, նախագծերը»:

Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի աշխատակիցները նշում են, որ ՀԱՊՀ ռեկտորի՝ քիմիական տեխնոլոգիաների զարգացման ծրագրերը թարմ շունչ և կարևորություն են հաղորդել իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին: Դա հատկապես նկատելի է երիտասարդ գիտաշխատողների նախաձեռնություններում: