ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցել են բուհի ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ և հյուրեր։ Միջոցառման ընթացքում ՀԱՊՀ քոլեջի և բակալավրիատի ուսանողները ներկայացրել են Միխայիլ Լերմոնտովի կյանքն ու ստեղծագործական ուղին: Հնչել են պոետի բանաստեղծություններն ու նրա խոսքերի հիման վրա ստեղծված երգերը:
Լուիզա Սարգսյան, Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պ/կ. ․«Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում 2024-ը հայտարարված է Լերմոնտովի տարի: Մեր նպատակն է ուսանողներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին, գրականությանը, ծանոթացնել Լերմոնտովի պոեզիային»:
Լ․ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը՝ մշտապես արձագանքելու և օգնելու համար, բոլոր այն դասախոսներին և ուսանողներին, ովքեր լումա ունեն միջոցառման կայացման գործում: Նրա խոսքով, դժվար է գրական ցերեկույթ կազմակերպել մի համալսարանում, որտեղ ուսումնասիրում են տեխնիկական գիտություններ և բարձրագույն մաթեմատիկա: Սակայն Պոլիտեխնիկը բազմիցս ապացուցել է, որ կարողանում է մեկտեղել տեխնիկական կրթությունն ու պոեզիան:
Լերմոնտովի երկերի հայերեն թարգմանությունները սկսվել են 19-րդ դարի 40-ական թվականներից: Այդ գործում նշանակալի ավանդ են ունեցել Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Ռափայել Պատկանյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը, Պարույր Սևակը և այլք։