ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի և «Սովթ Պապիրուս» ընկերության գործակցությամբ կազմակերպվել էր հանդիպում Պոլիտեխնիկական համալսարանի և Քոլեջի ուսանողության հետ: «Սովթ Պապիրուսը» հայկական ձեռնարկություն է, զբաղվում է հիգիենիկ և կենցաղային քիմիայի պարագաների արտադրությամբ:
Որպես հայաստանյան միջին բիզնես համայնքի անդամ, Ընկերությունը ուսանողներին առաջարկել է աշխատանքային պրակտիկայի անցկացում, ինչը հետագայում կդյուրացնի նմանատիպ բիզնեսներում աշխատանք գտնելը: «Սովթ Պապիրուսում» համարում են, որ բիզնեսն ու կրթությունը դեռևս ոչ շատ սերտորեն են գործակցում և նման հանդիպումները դիտարկում են այդ բացը լրացնելու տեսանկյունից:
Հասմիկ Մարտիրոսյան, «Սովթ Պապիրուս» ընկերության զարգացման տնօրեն. «Այս միջոցառումով Ընկերությունը 2 թիրախային նպատակ է հետապնդում. նախ՝ հաստիքները համալրել երիտասարդ, վերապատրաստված կադրերով, և երկրորդ՝ հուսով ենք, որ մեզ մոտ պրակտիկայի արդյունքում աշխատաշուկան կհամալրվի փորձ կուտակած, մրցունակ շրջանավարտներով:
Ընկերության ներկայացուցիչը նաև պատմել է ձեռնարկության ստեղծման, բրենդի կայացման, տեսլականի և բիզնեսի կայունության բաղադրիչների մասին: