ՀԱՊՀ և RECONOMY դրամաշնորհային ծրագրի գործակցությամբ մշակված դասընթացը կոչված է լրացնելու աշխատաշուկայում որակյալ էներգետիկ աուդիտորների պակասը և նպաստելու Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության և վերանորոգման ոլորտի զարգացմանը:
Էներգետիկ աուդիտի հիմնական խնդիրն է բացահայտել էներգետիկ ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը և հաճախորդին առաջարկել էներգախնայողության միջոցներ:
Էլբակ Էլբակյան, ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր․ «Էներգետիկ աուդիտի դասընթացը պատրաստելը և, առհասարակ, այս ոլորտում գործունեություն ծավալելը ինքնանպատակ չի եղել: Պոլիտեխնիկական համալսարանը, որպես կրթագիտական հաստատություն, գտնում է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում մեծ անելիք կա: Մեր նպատակը ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է»:
Արևելյան գործընկերության երկրներում RECONOMY ծրագրի ղեկավար Մարիաննա Ավետիսյանի խոսքով, Հայաստանում էներգետիկ աուդիտորներ ունենալը առանցքային խնդիր է, և ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստումը կապահովի համապարփակ մոտեցում շինությունների էներգաարդյունավետության բարձրացման գործում:
«Էներգետիկական աուդիտ» ուսումնական ձեռնարկը ներկայացրել է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պ/կ Ռոմիկ Ավոյանը: Դասընթացը նախատեսված է վերապատրաստվողներին էներգետիկական աուդիտի հիմունքներ սովորեցնելու և գործնական հմտություններով օժտելու համար: Ըստ Ռ. Ավոյանի, դասընթացների արդյունքում կունենանք որակավորված էներգետիկ մասնագետների թվի աճ, կանանց ու երիտասարդների ավելի մեծ ներգրավվածություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՇՄՆ ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› պետական հիմնարկի «Շենքերի ոլորտում մոնիթորինգի, հաշվետվողականության, ստուգման համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» ծրագրի համակարգող Արմեն Աջամօղլյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) EU4Sevan ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանը, ՄԱԿ-ի «Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանը, Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գ/հ լաբորատորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը, ՄԱԶԾ-ԳԷՖ Կլիմայի փոխոփության ծրագիր ազգային փորձագետ Տիգրան Սեկոյանը և այլք: