ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի և Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտները հանդիպել են Միչիգանի համալսարան (UM) – Շանհայի Ցզյաո Տոնգ (SJTU) համատեղ համալսարանի Միջազգային ուսանողների հավաքագրման և սպասարկման գրասենյակի ներկայացուցիչ Յոնգցյան Ջինի հետ: Հիմնական նպատակը պոտենցիալ դիմորդների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր: Չինացի հյուրը նշել է, որ համատեղ ինստիտուտը, որը չին-ամերիկյան բարձրագույն կրթության համագործակցության մոդելն է, վերջին տարիներին հասել է ուշագրավ արդյունքների: Ներկայացվել են ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգայանացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, իրականացվող միջազգային ծրագրերը: UM- SJTU JI-ն առաջարկում է մասնագիտացված կրթական ծրագրեր Չինաստանում՝ անգլերեն լեզվով: Յոնգցյան Ջինը անդրադարձել է ժամանակի պահանջված մասնագիտություններին և, թե ինչպես «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտները կարող են առանց քննություն հանձնելու սովորել այդ մասնագիտություններով: Պատանի պոլիտեխնիկցիները ներկայացրել են իրենց կարծիքները, ծավալվել է հարցուպատասխան:
Աշխարհի գիտակրթական զարգացումներին համընթաց․ տեղեկատվական հանդիպում UM- SJTU JI համալսարանի ներկայացուցչի հետ
