Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը RECONOMY դրամաշնորհային ծրագրի հետ մշակել է «Էներգաարդյունավետ շինաարության ոլորտում հմտությունների զարգացում» դասընթացը, որի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 30-ին:
Մեկնարկին ընդառաջ ՀԱՊՀ Մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը և Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գ/հ լաբորատորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանի և «Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանի հետ:
«Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագիրը սոցիալապես անապահով կանանց օգնում է կրթվել ու ձեռք բերել նոր գիտելիքներ: Այդ հզորացումը ճանաչվում է որպես կարևոր իրավունք, տնտեսական աճի և բիզնեսի հաջողության կարևոր շարժիչ ուժ, աղքատության հաղթահարման նախապայման:
Հայաստանում կանանց տնտեսական հզորացումը և աշխատաշուկայում ներգրավվածության աճն ապահովելու համար ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակն ընտրել է Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկող «Էներգաարդյունավետ շինարարության ոլորտում հմտությունների զարգացում» դասընթացը: Էներգետիկայի ոլորտում աուդիտորների պատրաստման առաջին 6-ամսյա դասընթացը կկազմակերպվի Գրասենյակի առաջարկած 20 կնոջ համար:
Ժաննա Հարությունյան․ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելի համար սա առաջին համագործակցությունն է համալսարանի հետ: Ուրախ ենք, որ այն նոր և նորարար ուղղության է վերաբերում: Սրանով բարձր որակի գործակցության նոր հիմք է դրվում: Կանանց կարողությունների զարգացման ուղղությամբ ծրագրերը Պոլիտեխնիկական համալսարանի հետ կլինեն շարունակական: Դրանք կապահովեն գենդերային հավասարությունը և կամրապնդեն կրթություն-աշխատաշուկա կապը»:
Ըստ Ժաննա Հարությունյանի, գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը օգտակար կլինի նորարարության, արտադրողականության, մրցունակության և շուկայի աճի առումով: Գենդերային հիմքով տարանջատումները չխրախուսելու նպատակով, Գենդերային հավասարության պորտֆելը կաջակցի կանանց՝,աշխատելու մի ոլորտում, որն առաջին հայացքից միայն տղամարդկանց համար է:
Էլբակ Էլբակյան. «Բոլոր կառուցվող, վերակառուցվող և նորոգվող շենքերը էներգախնայող միջոցառումների կարիք ունեն: Դա շուկայի թելադրանք է: Մեր երկրում խնդրի ամբողջական լուծման նպատակով Պոլիտեխնիկը մշակել է Էներգաարդյունավետ շինարարության ոլորտում հմտությունների զարգացման կրթական դասընթացը: Դրա շնորհիվ շահառուները կունենան անձնային աճ, կստանան նոր գիտելիքներ էներգետիկայի ոլորտում նախագծերի պլանավորման, կառավարման և իրականացման թեմաների վերաբերյալ և կդառնան մրցունակ մասնագետ»: