«ՀակԱտոմ». ՀՀ Էներգետիկ համակարգի զարգացման մաթեմատիկական մոդելավորման հաքաթոն Պոլիտեխնիկում

«ՀակԱտոմ». ՀՀ Էներգետիկ համակարգի զարգացման մաթեմատիկական մոդելավորման հաքաթոն Պոլիտեխնիկում

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ էներգահամակարգը մոտ ապագայում: Այս գլխավոր հարցի պատասխանը մոդելավորման միջոցով փորձելու են գտնել ուսանողները՝ ՀԱՊՀ-ի և ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ կազմակերպած հաքաթոնի ընթացքում: Մասնակցում է 7 թիմ՝ 6-ը Պոլիտեխնիկից, և 1-ը Հայ-ռուսական համալսարանից:

Բացման արարողությանը մասնակիցներին հաջողություն են մաղթել «Ռոսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, «Ռոսատոմի» տարբեր ստորաբաժանումների և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար անձինք, ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեները:

Ողջույնի խոսքում ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն ընդգծել է, որ գոյության ավելի քան 90 տարվա ընթացքում Պոլիտեխնիկը եղել է և՛ Հայաստանի, և՛  նախկին Միության ինովացիաների ու առաջընթացի գլխավոր շարժիչը. «Ու թեպետ մենք հպարտանում ենք անցյալով ու ստեղծած ժառանգությամբ, մեր հայացքը ուղղված է ապագային: Մենք հավակնոտ ծրագրում ենք շարունակել առաջընթաց շարժումը, կենտրոնանալով նոր տեխնոլոգիաների ներդրման, հետազոտական կարողությունների զարգացման և միջազգային կապերի ընդլայնման վրա»:

Հաքաթոնի մասնակից թիմերը, ելակետ ընդունելով Հայատսանում վերականգնվող էներգիայի ավելացման տենդենցը, պետք է մոդելավորեն տարվա տսրբեր եղանակներին էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ ներդաշնակեցնելով գեներացնող, փոխադրող ու բաշխիչ ցանցերի կարողությունները: