ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում անցկացված Ավիամոդելային 2-րդ փառատոնը համախմբել էր ոլորտի մասնագետներին՝ փորձի փոխանակման, այլ երկրների ավիամոդելիստների հյուրընկալելու և մոդելների ցուցադրական թռիչքների նպատակով:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀԱՊՀ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գիտաշխատողները՝ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի Ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանի գլխավորությամբ: Պոլիտեխնիկցիները ներկայացրել են անօդաչու թռչող սարքեր ու ինքնաթիռի մոդելներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների և հյուրերի շրջանում։ Փառատոնի ընթացքում իրականացվել են ռադիոկառավարվող ավիամոդելների, դրոնների և այլ սարքերի ցուցադրական թռիչքներ։
Սեփական նախագծով կառուցված, մինչև 1կգ բեռ տեղափոխող, 60-70ր օդում մնացող քառապտուտակ ԱԹՍ է ներկայացրել Ավտոմատացում մասնագիտությամբ սովորող, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռաֆիկ Սիմոնյանը: Ցուցադրական թռիչքներ է իրականացրել Ավիացիոն և հրթիռային տեխնիկա մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողներ Ռազմիկ Ներսեսյանի և Ռոլանդ Դալլաքյանի պատրաստած ՍՈՒ-30 ինքնաթիռի մոդելը:
Փառատոնը միջազգայինի վերածվելու միտում ունի՝ ինչը կնպաստի Հայաստանում ոլորտի զարգացմանը, ավիամոդելիզմի հանրայնացմանը և փորձի փոխանակմանը: