ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունն անցկացնում է «Գիտության շաբաթ»: Միջազգայնորեն տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։
Լիլիթ Մարգարյան․ «Գիտուժ» նախաձեռնության գործառնական տնօրեն․ «Մեր առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով: Կարևոր է, որ ապագայում շատ երիտասարդներ որպես մասնագիտություն ընտրեն ճարտարագիտությունը»:
Երևանի Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտական ինստիտուտներ, համալսարաններ, տեխնոլոգիական համայնքի կազմակերպություններ և ընկերություններ։
«Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ» թեմատիկ բաժնում առանձին տաղավարով լավագույնս ներկայացավ նաև Պոլիտեխնիկական համալսարանը՝ նոր մասնագիտություններով, գիտական ու ինժեներական արդյունքներով։
Ըստ ՀԱՊՀ Ինովացիոն ծառայության պետ, մեքենագիտության և մեքենաշինության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Չիբուխչյանի, փառատոնը մեր երիտասարդների մեջ նոր գիտական մշակույթ կձևավորի, կօգնի ճիշտ ընտրել մասնագիտությունը, ձեռքբերումներ ունենալ և այդպիսով ավելի ներկայանալի դարձնել մեր հայրենիքը.
«Ներկայացնում ենք Պոլիտեխնիկական համալսարանումներդրված նոր կրթական ծրագրերը՝ Բլոկ չեյնը, Ավիատիեզերական սարքաշինությունը, Արհեստական բանականությունը, Տվյալագիտությունը, համալսարանում գործող գիտական և հետազոտական խմբերի, ուսանողների աշխատանքները»:
Պոլիտեխնիկի տաղավարում շատ պատանիներ ու երիտասարդներ հնարավորություն ունեցան բացահայտելու և հստակեցնելու իրենց ապագա մասնագիտության առանձնահատկությունները: Այցելուները անմիջականորեն շփվեցին համալսարանի Ավագ դպրոցի, Քոլեջի և բակալավրիատի ուսանողների հետ, ծանոթացան բուհում իրականացվող ծրագրերին:
Ըստ «Կառավարման համակարգեր» ամբիոնի դոցենտ, «Օդային ռոբոտատեխնիկա» բազային գ/հ լաբորատորիայի գիտաշխատող Հայկանուշ Դարբինյանի, նման միջոցառումները արդիականացնում են կրթության և գիտության մասին երիտասարդների պատկերացումները: Այն, որ մեր օրերում ճարտարագիտական մասնագիտությունների ու մասնագետների կարևորությունը բոլորն են գիտակցում, նշում էին նաև Պոլիտեխնիկի տաղավարի շատ այցելուներ: