Պոլիտեխնիկը հյուրընկալել է EngineerX ընկերության ներկայացուցիչներին

Պոլիտեխնիկը հյուրընկալել է EngineerX ընկերության ներկայացուցիչներին

EngineerX-ը հայ-ամերիկյան բազմաբնույթ ինժեներական ընկերություն է, որը կենտրոնացած է նախագծման, ինժեներական, խորհրդատվական և նախագծերի կառավարման ծառայությունների մատուցման վրա: Լինելով SolidWorks-ի ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունը ինժեներների համար հասանելի է դարձնում աշխարհի լավագույն համակարգչային ավտոմատացված նախագծման և ինժեներական գործիքները:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և EngineerX ընկերության միջև կնքված հուշագրի համաձայն, միջազգային փորձը բուհում տեղայնացնելու նպատակով, այս ուսումնական տարվանից ՀԱՊՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար ներդրվել է ճարտարագիտական SolidWorks ծրագրաշարի «Նախագծման ծրագրային միջոցներ» դասընթացը:

EngineerX ընկերությայն հիմնադիր Վահե Նիկողոսյանը հանդիպել է ուսանողներին, ներկայացրել SolidWorks-ի ծրագրաշարի հնարավորությունները, առավելությունները, կարիերայի ուղիները, ինչպես նաև հավաստագիր է հանձնել Պոլիտեխնիկի վերապատրաստված դասախոսներին:

Գագիկ Մուսայելյան, Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն․ «Բուհի մագիստրոսական կրթական ծրագրերում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ղեկավարությունը՝ EngineerX ընկերության հետ համագործակցելով, ներդրել է ճարտարագիտական SolidWorks ծրագիրը, որի շնորհիվ մեր ուսանողները կկարողանան ստեղծել կոնստրուկտորային փաստաթղթեր, ինժեներական ստանդարտներով գծագրեր, կատարել եռաչափ մոդելավորում, ինչպես նաև իրականացնել ինժեներական անալիզ: Ծրագրի ուսուցումը մեր ուսանողներին հնարավորություն կտա բուհն ավարտել որպես բարձր որակավորում ունեցող մասնագետ, որն էլ հաջողության գրավական կլինի աշխատաշուկայում: Հուսով եմ, որ ծրագիրը կներդրվի նաև բակալավրիատում»:

Վահե Նիկողոսյանի խոսքով, իրենց ընկերությունն ամեն ինչ անում է Հայաստանում ինժեներների կրթության հետագա զարգացման և համաշխարհային շուկային որակյալ կադրեր տրամադրելու համար: Նպատակը՝ Հայաստանում ինժեներական համայնքի ստեղծումն է, որն աշխատում է SolidWorks-ով: EngineerX-ում վերապատրաստված դասախոսները ուսանողներին կփոխանցեն իրենց լավագույն փորձը:

Դասընթացն ավարտած ուսանողներին կարտոնագրի «Դասո սիստեմսը», որը SolidWorks-ի արտոնագիր տրամադրող կազմակերպությունն է: Ուսանողները ծանոթացել են ծրագրի մանրամասներին, ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները: