…որ դպրոցների պատվո վահանակներին չավելանան արծիվ տղաների նկարները

…որ դպրոցների պատվո վահանակներին չավելանան արծիվ տղաների նկարները

Սեպտեմբերի 27-ը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում խոնարհումի և մեծարման օր էր: Աշակերտները օրը սկսել են Եռաբլուրում. ասմունքելով, Կոմիտաս երգելով, պոլիտեխնիկցիները հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին:

Դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, տնօրենի տեղակալի՝ Նելլի Համբարձումյանի, դասղեկների և ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջել են Եռաբլուրում, վերհիշել պատմական փաստեր, հարգանքի տուրք մատուցել նաև Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի անմահացած շրջանավարտներ Տիգրան Բադալյանի, Ալբերտ Դադոյանի, Նարեկ Բաբասյանի, Կարապետ Անտոնյանի, Արտակ Ենոքյանի, Վարուժան Մարգարյանի, Միքայել Դանիելյանի, Էդուարդ Ղազարյանի հիշատակին:

Գրականության և պատմության ուսուցիչները բոլոր դասարաններում անցկացրել են սեմինարներ Արցախյան հիմնահարցի պատմական ակունքների, Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, 2020թ. Արցախյան Երրորդ պատերազմի օրերին մարդու հիմնարար իրավունքների խախտումների և հարակից թեմաներով, որոնք արծարծվել են բացառապես փաստական հիմքի վրա:

Նելլի Համբարձումյան․ «Մեր պատմության էջերը լի են թե հերոսական, թե ողբերգական դրվագներով: Մենք պետք է մտածենք՝ ինչ ենք փոխանցում ապագա սերունդներին, և անենք ամեն ինչ, որ բաց ճակատով նայենք նրանց: Բազմիցս ասել եմ, որ մեր դպրոցի առաջնային խնդիրն է ձևավորել ոչ միայն կիրթ, գրագետ, և մրցունակ երիտասարդների, այլև մարդկանց, ովքեր սիրում են մեր հայրենիքը, ավանդույթները, հարգալից վերաբերմունք ունեն մեր լեզվի ու մշակույթի նկատմամբ»:

Ըստ Համբարձումյանի հայրենասիրական դաստիարակությունն այն է, երբ աշակերտները գիտակցումով են մոտենում հայենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին. «Եռաբլուրում ես փորձում էի հասկանալ մեր աշակերտների վերաբերմունքը: Ես չտեսա ոչ մեկին, ով չգիտեր, թե ինչու է եկել: Նրանք հասկանում էին, թե ինչքան ցավ կա պատերազմի մեջ և ինչ գին ունի խաղաղությունը: Ահա թե ինչու եմ ես հավատում մեր երկրի պայծառ ապագային»:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Սարաջյանը Արցախից է: Նրա որդին զորացրվել էր 2020-ի հունվարին: Սեպտեմբերի 27-ին որդին ու ամուսինը չեն սպասել ծանուցագրի, կամավոր կրկին զինվորագրվել են: Ինքը ևս չի լքել Արցախը, Երրորդ պատերազմի 44 օրերը որպես կամավոր անցկացրել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:

Լիանա Սարաջյան. «Մենք պետք է սկսենք իրար սիրել, պաշտել, միավորվել: Պաշտել ամեն հայկականը ու հայեցին: Ունենք նոր,արտակարգ սերունդ, որին պետք է ճիշտ ուղղորդենք: Պետք է ունենանք մեկ գաղափարախոսություն՝ հայրենապաշտություն, որպեսզի հետագայում դպրոցների պատվո վահանակներին չավելանան արծիվ տղաների նկարները»: