Պոլիտեխնիկցիները ծանոթացել են METTLER TOLEDO ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումներին

Պոլիտեխնիկցիները ծանոթացել են METTLER TOLEDO ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումներին

METTLER TOLEDO (ԱՄՆ) աշխարհահռչակ ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լաբորատորիաների և արտադրանքի վերահսկման համար բարձր ճշգրտության վերլուծական գործիքների  արտադրությունում: 

Ընկերության լաբորատոր և հետազոտական սարքավորումների ԱՊՀ ուղղության ղեկավար Դմիտրի Լևինը  նշել է, որ այցի նպատակը լաբորատոր և գիտահետազոտական սարքերի արտադրության նոր նվաճումները ներկայացնելն ու համագործակցության հնարավորությունները քննարկելն է: Պոլիտեխնիկում նրա հետ հանդիպել են բակալավրիատում և քոլեջում քիմիա ուսումնասիրող ուսանողներ, դասախոսներ, ովքեր աշխատում են ոլորտի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների մշակման ուղղություններով:  

Դմիտրի Լևին․ «Բարձր տեխնոլոգիական չափիչ և անալիտիկ սարքերի ոլորտում մեր հաջողությունը նորարարության արդյունք է: Կարճ ժամանակում ավելին անելու համար հարկավոր է ավտոմատացնել քիմիական անալիզի սովորական գործողությունները, ինչը կարող է արագացնել քիմիական նոր նյութերի ստեղծումը»: 

Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Ակարմազյանի խոսքով,  ոգևորիչ է, որ Պոլիտեխնիկում քիմիական տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ուշադրության կենտրոնում է, կա հստակ ձևակերպած նպատակ, որն արտացոլում է ոլորտի զարգացման ձգտումներն ու խնդիրները․ «Սահմանված նպատակներից է Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում նոր, ժամանակակից լաբորատորիաների ստեղծման նախագիծը, որի աշխատանքն արդեն սկսվել է»: 

Կարևորելով երիտասարդ մասնագետների կարողությունների շարունակական զարգացումը և տեղեկանալով քիմիական տեխնոլոգիաների զարգացման Պոլիտեխնիկի ծրագրերին, METTLER TOLEDO-ի ներկայացուցիչները իրենք էին նախաձեռնել համագործակցության առաջարկների ներկայացման այս հանդիպումը։ «Մեր ուսանողները քիմիական միացութունների որակի անալիտիկ հսկման ավանդական մեթոդների հետ միասին պետք է տիրապետեն նաև ժամանակակից սարքերին և գործիքակազմին: Նման հանդիպումները նպաստում են, որ սովորողները ծանոթանան մասնագիտական նորամուծություններին, ընդլայնեն իրենց հետաքրքրությունների շրջանակը, նաև ընձեռում են կատարելագործման նոր հնարավորություններ», -նշել է Հայկ Ակարմազյանը: