Հայաստանյան 3 բուհ՝ Պոլիտեխնիկական, Երևանի պետական բժշկական և Հայ-ռուսական համալսարանները, նաև դպրոցների հետ աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ հրավիրվել էին չինական Huawei ընկերության «Հուավեյ խելացի կրթության լուծումներ» (Huawei Smart Education Solutions) անվանումով ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել Ընկերության՝ կրթությանը վերաբերող ծրագրերը և գործիքակազմը՝ հնարավոր համագործակցության ակնկալիքով: ՀԱՊՀ-ից միջոցառմանը մասնակցել է Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի ղեկավար Գոռ Մարտիրոսյանը․
«Huawei-ը ներկայացրեց իր արտադրանքը և առաջարկները, որոնք միտված են կրթական գործընթացը բոլոր մակարդակներում ավելի արդյունավետ դարձնելուն: Այցելել ենք Ընկերության գրասենյակներ, գործարան, վաճառքի սրահ, ուսումնական կենտրոն, համալսարան և իրենց ֆինանսավորմամբ գործող դպրոց: Ուսումնական կենտրոնում մեզ ներկայացրել են Huawei-ի մշակած ծրագրային լուծումներ, սարքեր և ցանցային սարքավորումներ»:
Ըստ Գ․ Մարտիրոսյանի, որպես համագործակցության առաջնահերթություն, այս փուլում դիտարկվում է Ընկերության կողմից ՀԱՊՀ մասնագետների վերապատրաստումը․
«Նմանօրինակ միջոցառումները կարևոր են ՀԱՊՀ-աշխատաշուկա կապի զարգացման տեսանկյունից: Աշխարհի առաջատար կազմակերպությունների նոր տեխնոլոգիաների կիրառումը կրթական պրոցեսում կնպաստի միջազգային շուկայի կարիքներին համապատասխան կադրերի պատրաստմանը»: