Ջութակը թևի տակ, Իրանի կողմից Խորհրդային Միության Մեղրիի սահմանային անցակետին է մոտենում 24-ամյա մի երիտասարդ և մուտք գործելու թույլտվություն խնդրում։ Նրան մի քանի օր պահում են, հարցումներ, ճշտումներ անում և ի վերջո թույլ են տալիս մտնել Հայաստան։ Դա 1953 թվականին էր։ Սահմանը անցնողը ապագա տաղանդավոր կոմպոզիտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Աղաջանյանն էր։ Կոնսերվատորիայում ուսումնառությունից հետո նրա մեծ վերելքի ուղեգիրը գրվեց Պոլիտեխնիկում։

«Նա ուղղակի գնացել էր Կոմիտասի ճանապարհով»

Պոլիտեխնիկը նշում է իր Կամերային նվագախմբի հիմնադրի 95-ամյակը

Սերգեյ Աղաջանյան

Երբ ծանոթանում ես խորհրդային շրջանում Պոլիտեխնիկի մշակութային կյանքին, չես զարմանում, թե տեխնոլոգիական բուհում ինչպես կարող էր ստեղծվել նման մակարդակի կամերային նվագախումբ՝ իր ժամանակի համար բավականին հասուն, լուրջ, պրոֆեսիոնալ, ասում է «Պոլիտեխնիկ» մշակույթի տան ղեկավար Լևոն Այվազյանը։

Լևոն Այվազյան

«Երաժիշտների մոտ 90 տոկոսը եղել են Պոլիտեխնիկից, առանձին դեպքերում հրավիրել են 1-2 հոգի երաժշտական հաստատություններից: Մեր նվագախմբի հնաբնակները պատմում են, որ Սերգեյ Աղաջանյանը բավականին խիստ ղեկավար էր, կարգուկանոնին հետևող: Երևի այդ խստության ու պահանջկոտության շնորհիվ է եկել հաջողությունը: Երաժշտության մեջ կարևորը որակն է: Եթե դա չլիներ՝ ինչպե՞ս կարող էր նվագախումբը համերգների հրավիրվել ԱՄՆ, ինչը, ԽՍՀՄ-ի օրոք, խիստ հազվագյուտ երևույթ էր: Նման հնարավորություն, օրինակ, ընձեռվել էր Կոնստանտին Օրբելյանի փայլուն նվագախմբին»:

Սերգեյ Աղաջանյանը նվագախմբի փորձի ժամանակ

Կոնսերվատորիայում Ս․ Աղաջանյանը լավ ուսանող էր, պարտաճանաչ ու աշխատասեր։ Նրա ժամանակակիցներն են հիշում՝  նույնպիսի էլ ղեկավար էր։ Գոյության 30 տարվա ընթացքում Պոլիտեխնիկի Կամերային նվագախումբը արժանացավ բազմաթիվ մրցանակների։ Ինքը՝ Մաեստրոն, դարձավ հանրաճանաչ կոմպոզիտոր։ Առանձնահատուկ գնահատվեցին Սերգեյ Աղաջանյանի 4 Պոլիմոնոդիաները՝ միջնադարյան տաղերի հիման վրա։ Կոնսերվատորիայում նախ զարմացրել էր անվանումը՝ մոնոդիան մոնոդիա է, պոլիֆոնիան՝ բազմաձայնություն, կարծես թե չպետք է համապատասխանեն միմյանց, պատմում է Կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Ալինա Փահլևանյանը, որը Աղաջանյանի արվեստին առաջին անգամ անդրադարձել է դեռ 1967թ․ «Советская музыка» ամսագրի 9-րդ համարում:

Ալինա Փահլևանյան

«Հանճարեղ գյուտ էր արել Սերգեյը: Մեր մոնոդիան շատ հարուստ է, հատկապես հոգևոր մեղեդին։ Սերգեյը այդ հոգևոր մեղեդին բաժանել էր մասերի, ֆրազների, և կարողացել էր դրանք այնպես դասավորել բազմաձայն հյուսվածքի մեջ, որ բոլորը հարազատ էին այդ նույն երգեցողությանը, նույն շարականին: Միևնույն ժամանակ շատ գեղեցին բազմաձայնություն էր ստեղծել։ Աղաջանյանի Պոլիմոնոդիաները շատ մեծ արձագանքի և ընդունելության արժանացան։  Սերգեյը ուղղակի գնացել էր Կոմիտասի ճանապարհով։ Պոլիմոնոդիաները այնքան բնական են հնչում,որ ոչ մի սպիտակ թել գտնել չես կարող։ Շատ-շատ գեղեցիկ հյուսվածք է ստացել»։

Դրվագ համերգից

Պոլիտեխնիկը մտադիր է երկրորդ շունչ ու կյանք տալ լեգենդար Կամերային նվագախմբին, որի հոբելյանը, 60-ամյակը նշվելու է առաջիկա դեկտեմբերին:

Լևոն Այվազյան․ «Չեմ ուզում չակերտները շատ բացել, ասեմ, որ մեծ ցանկություն ունենք այդ օրը նոր նվագախմբի հիմքը դնելու: Պոլիտեխնիկում կան նաև  երաժշտական կրթությամբ, տաղանդավոր ուսանողներ: Եթե ստացվի այնպես, որ կոնկրետ մի գործիք նվագող չունենանք, կարող ենք համալրել երաժշտական այլ հաստատություններից, ինչպես եղել է այն ժամանակ: Պոլիտեխնիկի մշակութային ավանդույթները հաստատ շարունակելու ենք»:

Սերգեյ Աղաջանյանը մահացել է 2005թ. 75 տարեկանում: 2024թ. սեպտեմբերի 1-ին նա կդառնար 95 տարեկան: