Պոլիտեխնիկը՝ «Թափանցիկ օպտիկական ցանցեր 2024 (ICTON)» միջազգային կոնֆերանսում

Պոլիտեխնիկը՝ «Թափանցիկ օպտիկական ցանցեր 2024 (ICTON)» միջազգային կոնֆերանսում

Իտալիայի Բարի քաղաքում 50 երկրների գիտնականներ քննարկել են մոլեկուլային ֆոտոնիկայի, ոչ գծային օպտիկայի, թվային բոլոր օպտիկական ցանցերի, օպտիկական միացման ու երթուղավորման և քվանտային հաղորդակցության արդիական հիմնահարցերը:

Ավելի քան 460 զեկույցների թվում ներկայացվել է նաև ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի Ռադիոսարքավորումների և Կապի համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.թ. Հովիկ Բաղդասարյանի զեկույցը.

«Մեր գիտական խմբի տեսական աշխատանքը նվիրված էր հատուկ նանոշերտային կառուցվածքների թվային մոդելավորմանը՝ երկու իրար շատ մոտ տեղակայված էլեկտրոնային միկրոսխեմաները միացնող լույսի ճառագայթը կառավարելու համար: Նման սարքերի ներդրումը կարող է պահանջված լինել գերհամակարգչի բաղադրիչների միջև բարձր արագությամբ օպտիկական կապ կազմակերպելու և թվային տվյալների պահպանման մեծ կենտրոնների համար»:

Աշխատանքը կատարվել է ՀԱՊՀ Վարդգես Բարսամի անվան Թելքա-օպտիկական կապի լաբորատորիայի գիտական խմբի և բելգիացի, ավստրիացի ու լեհ գործընկերների հետ համատեղ։ Կոնֆերանսի ընթացքում պրոֆեսոր Բաղդասարյանը քննարկումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ: Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Գ.Ա. Ստանցիուն ցանկություն է հայտնել կապեր հաստատել Էրազմուս+ ծրագրի շրջանակում։

Կոնֆերանսի կազմկոմիտեի մշտական նախագահողն է պրոֆ. Մարիան Մարցինիակը՝ Վարշավայի Հեռահաղորդակցության ազգային ինստիտուտից: Նա նաև հայ գիտնականի գիտական թեմայի օտարերկրյա խորհրդատուն է, որի հետ, նախքան համաժողովի սկսվելը, Հ. Բաղդասարյանը Վարշավայում համատեղ աշխատել է: Ամենամյա այդ կոնֆերանսը համախմբում է մասնագետների, որոնք հետազոտում են մթնոլորտում, տիեզերքում, օպտիկական մանրաթելերում, երկար և կարճ հեռավորությունների վրա օպտիկական հեռահաղորդակցության խնդիրները: