ՀՀ բուհերի ներկայացուցիչները՝ Պոլիտեխնիկի «Միասնության ուժը 2024» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքի մասին

Թերեզա Վարդանյան, Հայ-ռուսական համալսարան, Նարնջագույն ճակատ


Ես առաջին անգամ եմ մասնակցում, և արդեն առաջին օրվա տպավորություններս շատ վառ են: Այստեղ միջավայրն ընկերական է, անմիջապես ադապտացվեցի: Կարծում եմ, «Միասնության ուժը» մտածվել է ոչ թե հաղթելու-պարտվելու համար, այլ, որ տարբեր համալսարանների երիտասարդները մտերմանան, կապեր ստեղծեն: Հետագայում, աշխատելիս, դա շատ կօգնի․ տարբեր ոլորտների ապագա մասնագետներս սովորում ենք միասին մեկ կետի նայել, մեկ գաղափարի ետևից գնալ:
Այստեղ մոտ 190 հոգի կա, բոլորս տարբեր ենք, բայց կարծում եմ, կգտնենք գնալու մի ընդհանուր ճանապարհ: Դրանով էլ կնյութականանան միասնությունը, հայրենասիրությունը: Սակայն անգամ առաջին օրվանից ես զգում եմ, որ միասնությունը կա: Ու բոլորս ամեն ինչ անում ենք, որ այն ավելի խորանա: Անչափ կարևոր է, որ ճամբարը անցկացվում է մեր տարիքային այս շրջանում, երբ մենք ձևավորում ենք մեր անհատականությունը:

Գոռ Ավալյան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Կապույտ ճակատ

Այս կազմով առաջին անգամ ենք մասնակցում, բայց ունենք անդամներ, այդ թվում՝ ես, որ արդեն երրորդ տարին ենք ա յստեղ: Մեզ ձգում է միջավայրը, այն մեծ ջերմություն է տալիս։ Ամառային այս ակտիվությունը շատ է պետք:

Ճամբարի հիմքում դրված գաղափարախոսությունը՝ միասնությունը, առկա է, այն զուտ խոսք չէ: Շատերը ճամբարից հետո են դա գիտակցում, ընթացքում դեռ ոչ այնքան: Հետո են տեսնում, որ միասնությունը կա՝ մասնակցության, ընկերության ձևով, որը, իմ փորձով ասեմ՝ հետո շատ օգտակար է լինում:

Այս տարի ևս, վստահ եմ, նույն ընկերությունն ու ջերմությունը լինելու են: Ակնկալիքը, որպես այդպիսին, մեր ձեռքում է: Մեզնից է կախված՝ ինչպես կանցնեն այս օրերը: Իհարկե, կձգտենք, որ մեր ճակատը առաջին տեղում լինի, մենք էլ վայելենք ընդհանուր հաղթանակը: Բայց պարտվելու դեպքում էլ չենք տխրի: Առաջնայինը միասնությունն է:

Արևիկ Կիրակոսյան, Հայաստանի եվրոպական համալսարան, Կարմիր ճակատ


Ես երկրորդ տարին եմ մասնակցում։ Ինձ այստեղ են բերել, էներգետիկան, մտերմիկ մթնոլորտը, նոր բան սովորելու և մեզ հետ տանելու, կարելի է ասել՝ ավանդույթը։ Կոնկրետ ինձ անցած տարվա մասնակցությունը տվեց ինտելեկտուալ խաղերի հմտություն, սովորեցի ազգային պարեր, ձեռք բերեցի շփման կարողություններ, շատ-շատ բան:

Ինչ վերաբերում է գաղափարին՝ միասնությանը, ապա հենց դա է մեզ հարազատ: Հայրենասիրությունն է գլխավոր ձգող ուժը, մենք այդ գաղափարով ենք գալիս այստեղ, ու նաև սովորում ենք այն ամենը, ինչը հետագայում ծառայեցնելու ենք Հայաստանի Հանրապետությանը:

Մենք մի ազգ ենք, մի ժողովրդից ելած երիտասարդներ, և հատկապես միասնության համար եմ արժևորում այս ճամբարը, որը միացնում է մեզ: Մեզ համար այդքան կարևոր չէ հաղթանակ տանելը, որքան այս շունչը զգալը, ընկերական շրջապատի այս ոգևորությունն ապրելը: