Ակադեմիական հագուստով՝ ավարտական լուսանկարներ, նոր մեկնարկ՝ հարուստ գիտելիքներով: Տոնական միջոցառումը ճանապարհում է Պոլիտեխնիկի Երևանի քոլեջի 31-րդ շրջանավարտներին:
Ողջույնի խոսքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը վստահություն է հայտնել, որ երիտասարդները, որպես միջին մասնագետի որակավումը կրող մասնագետներ, ձևավորվել են, ստացել նորարար գիտելիքներ, մանկավարժական հոգատարություն, ոչ ֆորմալ այն կրթական անհրաժեշտ բաղադրիչները, որոնք պետք է օգնեն, որպեսզի լինեն առավել հաջողակ կյանքի հաջորդ փուլերում:
«Օրվա կարևոր դերակատարներ, սիրելի շրջանավարտներ: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, կյանքի ամենակարևոր փուլերից մեկը հաջող հաղթահարելու համար: Աշխատանքային և անձնական մեծ հաջողություններ եմ մաղթում: Այս տարիներին մեր Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, գործընկերների հետ միասին սովորել եք ստեղծագործել, հանդես գալ որպես կայացած անհատականություն: Յուրաքանչյուր ուսանողի համար յուրահատուկ օր է կերտվում՝ ավարտական միջոցառմամբ: Վստահ եղեք, լինել Պոլիտեխնիկի շրջանավարտ, նշանակում է լինել մեր համայնքի մի մասնիկը: Հիշեք, որ մենք լինելու ենք յուրաքանչյուրիդ կողքին, որպեսզի ունենաք մեծ հաջողություններ»,- շնորհավորանքում ընդգծել է ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Պոլիտեխնիկցիները հեշտությամբ են գտնում իրենց աշխատանքը մասնագիտական շուկայում: Դրան նպաստում են ինչպես վերջին մեկ-երկու տարում ենթակառուցվածքների բարելավումը, այնպես էլ բովանդակային բարեփոխումները:
«Շնորհավորում եմ բոլորիս: Այո, տոնը բոլորինս է: Դուք վստահել եք ՀԱՊՀ քոլեջին՝ առաջին քայլերը կատարելով Պոլիտեխնիկի կամարների ներքո: Այսօր արդեն ավարտական հագուստով շրջանավարտ եք: Վստահ եմ, ստացած փայլուն գիտելիքները, ձեռք բերած նոր կարողությունները ուղեկցելու են ամբողջ կյանքում: Շատերդ արդեն անցել եք աշխատանքի, դա ևս մեծ ձեռքբերում է: Շատերդ էլ շարունակելու եք կրթությունը դարձյալ Պոլիտեխնիկում: Եվ վստահ եմ՝ նվաճելու եք նոր բարձունքներ: Այնպես որ, շնորհավորանքից բացի, նորից ձեզ ասում ենք բարի գալուստ Պոլիտեխնիկի մեծ ընտանիք»,- իր ելույթում նշել է ՀԱՊՀ Երևանի քոլեջի տնօրեն Ռաֆֆի Քարամյանը:
Տասը մասնագիտություններով ավարտած պոլիտեխնիկցիները համալրում են Պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ ընտանիքը: Նոր ճանապարհ են մեկնարկում կարևոր գիտակցումով՝ պետք է գործի դնել այն գիտելիքները, որ ստացել են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: