Մասնագիտական կողմնորոշման, ուսումնառության ու փորձառության մասին․ ՀԱՊՀ 2024 թվականի շրջանավարտներ Հարությունի, Գալյայի և Դավիթի պատմությունները

Հարություն Քրմոյան, ԼՄՔՏ ինստիտուտ, «Օգտակար հանածոների հարստացում»  մասնագիտացում

 

Փոքրուց սեր ու հետաքրքրություն ունեի հանքերի, հանքարդյունաբերության հանդեպ: Իսկ Պոլիտեխնիկը միակ բուհն է, որը կարող է այդ ուղղությամբ կրթություն տալ: Հաճախ եմ լսում, որ ընդերքաբանությունը և լեռնամետալուրգիան մեռնող ոլորտներ են: Բոլորովին համաձայն չեմ: Այսօր ոլորտը Հայաստանի շարժիչներից մեկն է, և մասնագետների կարիքը միշտ կա:

Մեր մասնագիտությունը ապագայի մասնագիտություն է, ամեն ինչ փոխկապակցված է հանքարդյունաբերության ոլորտի հետ: Այս ոլորտը  լոկոմոտիվ է շատ ճյուղերի համար՝ տրանսպորտայինից մինչև բարձր տեխնոլոգիաներ։

Ուսման ընթացքում հնարավություն ունեցա այցելելու Սանկտ Պետերբուրգի Լեռնային համալսարան, ծանոթացա հանքարդյունաբերության նորագույն տեխնոլոգիաներին:  Դա ուժեղ մոտիվացիա էր: Իմ մասնագիտությունը լայն հնարավորություններ է ստեղծել ինձ համար, որոնք, իհարկե, կփորձեմ օգտագործել:

 

Գալյա Գևորգյան, ՏՀՏԷ ինստիտուտ, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտացում

 

Մեր ընդունելության շրջանը համընկավ կորոնավիրուսին: Մենք տարբերվելու էինք մյուսներից, մեզ սպասվում էին հիբրիդային, հեռավար դասեր: Դժվարությամբ, բայց ընտրեցի ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությունը:

Եկա Պոլիտեխնիկը, որովհետև այն Հայաստանի միակ տեխնոլոգիական բուհն է: Ծանոթացա Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության ուսումնական պլանին, շատ հավանեցի և չեմ փոշմանել այն ընտրելու համար:

Պոլիտեխնիկն ինձ համար, ոչ միայն մասնագիտություն ձեռք բերելու միջոց է, այլև ինքնաճանաչման, ինքնադրսևորման հարթակ: Այն ինձ տվել է լայն մտածողություն, զարգացում: Կարծում եմ, դա ավելի կարևոր է, քան հստակ մասնագիտությունը: Գալիք մարտահրավերներին դիմակայելը ավելի է հեշտանում: Դա ինձ հետ արդեն  պատահել է։ Ես որոշեցի փոխել մասնագիտական ուղղվածությունս: Այժմ տվյալների վերլուծությամբ եմ զբաղվում, և նախնական մասնագիտությունս օգնում է, քանի որ Պոլիտեխնիկը իմ մեջ տեխնոլոգիական մտածողություն է զարգացրել :

Պետք է ընդգծեմ Ուսանողական խորհրդի դերը, որը ինձ համար ոչ ֆորմալ կրթության աղբյուր է եղել: ՈՒԽ-ի միջոցով շատերս ենք ճանաչել ու բացահայտել մեզ։ Տեխնիկական կրթությունը թույլ է տալիս դրսևորվել տարբեր ասպարեզներում, պարզապես պետք է չդադարել սովորել:

 

Դավիթ Հովհաննիսյան, ՏՀՏԷ ինստիտուտ, «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտացում

 

Իմ ընտանիքի անդամները հումանիտար կրթություն ունեն: Ես որոշեցի տարբերվել, և ընտանիքում մաթեմատիկան սիրող միակն եմ: Շատ էի հետաքրքրված ծրագրավորմամբ, սակայն կարծում էի, որ դա այն ամենը չէ, ինչին կարող եմ հասնել: Դրա համար ընտրեցի քիչ ավելի բարդ մասնագիտություն՝ Տեղեկատվական անվտանգություն: Նախկինում Պոլիտեխնիկի մասին լսել էի, թե այնտեղ ոչինչ չեմ սովորելու։ Բայց ես այստեղ ստացա իմ ակնկալած գիտելիքը, զարգացա թե որպես մարդ, թե որպես մասնագետ:

Առաջին կուրսից ներգրավվել բուհի Ուսանողական խորհրդում: Ամենադժվար պահերին անգամ ՈՒԽ-ն եղել է «հույսի սյուն», որը մեզ օգնել է առաջ շարժվել: Առաջին ուսանողական միջոցառումը, որին մասնակցել եմ՝ «The power of idea» -ն էր, որը համախմբում էր բուհի ուսանողներին և ստիպում դրսևորել ուղեղի ճկունությունը: Ուզում եմ նշել նաև «Միասնության ուժը» ռազմահայրենասիրական ճամբարի մասին, որը մեծ տեղ ունի իմ սրտում։ Պոլիտեխնիկն այն եզակի համալսարաններից է, որտեղ ուսանողական կյանքն իրոք ակտիվ ու լեցուն է:

Պոլիտեխնիկի յուրօրինակությունն է, որ բացի մասնագիտական գիտելիքներ տալուց, կրթում է մեզ որպես անձ: Պոլիտեխնիկն ավարտողը ուղին կարող է շարունակել հարակից բոլոր մասնագիտություններով:

Որպես ամփոփում. ես կարող եմ հասկանալ այն երիտասարդներին ու ուսանողներին, ովքեր ասում են, թե բուհական կրթությունն անիմաստ է, բայց գիտե՞ք ինչու. քանի որ նրանք, ի տարբերություն մեզ՝ պոլիտեխնիկցի չեն: