Պոլիտեխնիկի ուսանողները արտադրական պրակտիկա են անցել «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում

Պոլիտեխնիկի ուսանողները արտադրական պրակտիկա են անցել «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում

Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի 3-րդ կուրսի 6 ուսանող՝ մեկը Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժինից, արտադրական պրակտիկան անցկացրել են «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում: Պրակտիկան ղեկավարել է ՀԱՊՀ Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի խորհրդատու, տ.գ.թ., դոցենտ Հայկ Ակարմազյանը:

Ընկերության հիմնական գործունեությունը՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն է, որի կենսական նշանակության հումքը՝ մոլիբդենի խտանյութը, ընկերությունը ձեռք է բերում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից:

Պրակտիկայի հիմնական նպատակն էր ուսանողների մոտ գործնական աշխատանքների հիման վրա մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացումը: 3 շաբաթվա ընթացքում պոլիտեխնիկցիները ծանոթացել են գործարանի գրեթե բոլոր արտադրական գործընթացներին, օգտվել լաբորատոր հնարավորություններից, շփվել արտադրական մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մասնագետների հետ: Ավարտին ՀԱՊՀ ուսանողները ներկայացրել են կատարած աշխատանքները և մշակած լուծումները:

Մետալուրգիական արտադրություններում գրեթե միշտ բնապահպանական և առողջական վտանգներ են առաջանում: Ուսանող Էրիկ Մովսեսյանի կատարած աշխատանքը նշված վտանգների կանխման և արտանետումներից նոր արտադրանք ստանալու մասին էր:

«Մեզ համար շատ կարևոր է արտադրական պրակտիկան, տեսական գիտելիքը գործնականում կիրառելը: Հասկանալը, թե Հայաստանում ինչ արտադրություններ ունենք, ինչ մասնագետների կարիք կա, որ մեր կարողությունները զարգացնենք՝ հետագայում արտադրամասերում աշխատելու համար», – ասում է Էրիկը։

Գործարանի ղեկավարությունը և ՀԱՊՀ ԼՄՔՏ ինստիտուտի մասնագետները մեծ հետաքրքրությամբ Էրիկին առաջարկել են ձևավորել թիմ, զարգացնել հետազոտությունը և լիարժեք ներկայացնել՝ հետագա համագործակցության նպատակով։ Բարձր են գնահատվել նաև մյուս ուսանողների աշխատանքները, մասնավորապես, Սարո Շուրէլեանի՝ հանքաքարից մաքուր մոլիբդենի ստացման տեխնոլոգիայի կատարելագործմանը վերաբերող լուծումները:

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերության տնօրեն Լևոն Գրիգորյանի և Հայկ Ակարմազյանի գլխավորությամբ ուսանողները վերլուծել են իրենց աշխատանքները, անդրադարձել աշխարհում կիրառվող փորձին:

Լևոն Գրիգորյան. «Հույս ունեմ, որ ձեր արտադրական պրակտիկան անցավ նպատակային և արդյունավետ: Ապագայի համար համակարգային, համալիր մտածելու հնարավորություն, բոլոր կողմնակի ու հիմնական պրոցեսները հաշվի առնելու կարողություն պետք է ունենաք, նպատակ դնեք և դրան հասնեք կարճ, արդյունավետ լուծումներով։ Ինչքան շատ առնչվեք արտադրական գործընթացներին, այնքան շատ խնդիրների լուծում կտեսնեք, ապա ձերը կառաջարկեք։ Դուք այսօր ավելի մեծ հնարավորություններ ունեք, քան ես ձեր տարիքում։ Այսօրվա ձեր սովորածը ամբողջ կյանքի համար է»:

Հայկ Ակարմազյանը շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարին և աշխատակազմին՝ հյուրընկալ վերաբերմունքի և բարձր պատասխանատվության համար․ «Մեր երկրում հանքարդյունաբերությունը, մետալուրգիան, կեղծ բնապահպանական թեզերի շահարկմամբ՝ պարբերաբար թիրախավորվում են հարևան պետության կողմից: Սակայն այսօր մեր ներկայությամբ մենք փաստում ենք, որ ոլորտի կողքին ենք և, եթե ուզում ենք մեր երկրում ապրել՝ պետք է ստանձնենք մեր բաժին պատասխանատվությունը, ամեն ինչ անենք երկրի ու տնտեսության զարգացման համար»: