Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Վիեննայի կենտրոնակայանում «Միջուկային գիտելիքի կառավարման և մարդկային ռեսուրսների զարգացման միջազգային կոնֆերանսին» մասնակցել են ավելի քան հարյուր երկրների ատոմային էներգետիկայի բնագավառի կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Պոլիտեխնիկական համալսարանից մասնակցության հրավեր էր ուղարկվել Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչի պ/կ Արամ Գևորգյանին։
Արամ Գևորգյան․ «Աշխարհում ցանկանում են զարգացնել ատոմային էներգիան և հասկանում են, որ այդ հարցում կարևոր նշանակություն ունեն ոչ միայն տեխնիկական հարցերը, այլև մարդկային ռեսուրսների զարգացումը և գիտելիքի փոխանցումը հաջորդ սերունդներին: Կա գիտակցում, որ ամենակարևոր ռեսուրսը մարդն է, հետևաբար իրականացնում են մարդկային ռեսուրսների կառավարման այնպիսի քաղաքականություն, որն առավելագույնս կնպաստի այդ կարևորագույն ռեսուրսի արդյունավետ օգտագործմանը:
Կոնֆերանսում ներկայացվել են գիտելիքի կառավարման մեթոդաբանության վերաբերյալ նյութեր, և թե ինչպես դրանք կարող են օգտակար լինել՝ բացահայտելու կրիտիկական գիտելիք կրող մասնագետներին, ապահովելու գիտելիքի անխոչընդոտ և արդյունավետ փոխանցումը հետնորդներին՝ գիտելիքի կորուստը բացառելու նպատակով»:
Կոնֆերանսի շրջանակում մի շարք երկրների համալսարանների ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք հնարավոր կլինի օգտագործել ՀԱՊՀ միջուկային էներգետիկայի ուսումնական ծրագրերում:
«Հանդիպումներ ունեցա Տորոնտոյի տեխնիկական, Բուխարեստի տեխնոլոգիայի և տնտեսագիտության, ռուսական մի շարք համալսարանների ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները: Պայմանավորվեցինք աշխատել ուսանողների կարճաժամկետ փոխանակման ծրագրերի շուրջ: Նիժնի Նովգորոդի պետական տեխնիկական համալսարանի և Պոլիտեխնիկի միջև անցած տարի կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Ծրագրերի զարգացման գծով պրոռեկտորի հետ քննարկեցինք կրկնակի դիպլոմների տրամադրման հարցը»,-նշում է Արամ Գևորգյանը:
ԱԷՄԳ-ի հրատարակած բազմաթիվ գիտական նյութերն ու գրքերը կօգնեն ուսուցման, գիտելիքների կառավարման գործընթացն առավել համապարփակ կազմակերպելու, ՀԱՊՀ ուսումնական ծրագրերի բովանդակությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցերում: