ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աշխատանքային խմբի այցը Պոլիտեխնիկ

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աշխատանքային խմբի այցը Պոլիտեխնիկ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) 2024 թվականի մշտադիտարկման ենթակա ծրագրերի և թեմաների ցանկում ընդգրկված են Պոլիտեխնիկում իրականացվող «Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի պահպանում և զարգացում» ծրագիրը, որի շրջանակում գործում է 17 բազային գ/հ լաբորատորիա, «Պերովսկիտ-սիլիցիում երկանցումային արևային տարրերի մշակում» և «Տարբեր մեկուսիչ հարթակների վրա մակերևութային տրորմամբ ստացված երկչափ կիսահաղորդիչներ՝ հաջորդ սերնդի էլեկտրոնիկայի համար» թեմաները։

Մշտադիտարկման նպատակով ՀԱՊՀ էր այցելել ԲԿԳԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանի ղեկավարած խումբը, որի կազմում էին կոմիտեի Փորձաքննության և վերլուծությունների վարչության պետ Արսեն Հակոբյանը, Քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի պետ Նաիրա Սուքիասյանը, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը, Հայ-ռուսական համալսարանի բարդ երկրաչափությամբ և տարբեր սահմանափակող պոտենցիալներով քվանտային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունները ուսումնասիրոող խմբի ավագ գիտաշխատող Դավիթ Հայրապետյանը։

Կարեն Ղարիբյան․ «Մեր այցի նպատակն է ԲԿԳԿ հայտարարած դրամաշնորհների ֆինանսավորմամբ ձեռք բերված սարքավորումների, գիտական կազմակերպություններում պայմանների բարելավման, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքների մշտադիտարկումը: Այսպիսի այցելությունները թույլ կտան վեր հանել խնդիրները և փնտրել լուծումներ՝ նպաստելով համալսարանի առաջընթացին»։

Պոլիտեխնիկի լաբորատորիաներ շրջայցի ընթացքում հյուրերին իրազեկել են նշված ծրագրերի/թեմաների կատարման ընթացքի, ստացված գիտական արդյունքների, ֆինանսական աջակցության գումարների օգտագործման, ծախսերի, օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների վերաբերյալ, քննարկումներ են եղել ծրագրերի/թեմաների գիտական ղեկավարների և գիտաշխատողների հետ։

Շրջայցը իրականացվել է ՀԱՊՀ Գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի, Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմինե Ավետիսյանի, Ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանի և այլոց ուղեկցությամբ։

Աշոտ Խաչատրյան․ «Պոլիտեխնիկում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են բարդ և տքնաջան աշխատանք։ Նախատեսված բարեփոխումների ծրագրերից է բուհի գիտահետազոտական լաբորոտորիաները 2-րդ մասնաշենքի 1-ին հարկում տեղակայելը։ Այս գործում մեծ դեր ունի նաև Գիտպետկոմի ներգրավվածությունը։ Այսպիսի այցերը կատարված ու կատարվող աշխատանքների գնահատման, կարիքների և պահանջների բացահայտման արդյունավետ մեխանիզմ են»: