«Հայաստան գալուս երկու մոտիվացում՝ ազգությունս և Պոլիտեխնիկի վարկանիշը». Րաֆֆի Սարաֆեան

Րաֆֆի Սարաֆեան, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի շրջանավարտ

22 -ամյա Րաֆֆի Սարաֆեանը ավարտել է Իլինոյսի համալսարանը՝ քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ: Ասում է՝ ավագներից է լսել, որ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից Պոլիտեխնիկը շատ հայտնի էր: Դիմել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին՝ ԼՄՔՏ ինստիտուտում պրակտիկան անցնելու խնդրանքով, որին ռեկտորը սիրով ընդառաջել է՝ կարևորելով սփյուռքի մասնագիտական ներուժի օգտագործումը:

Րաֆֆին պրակտիկան անցկացնում է Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնում (ՔՏԲԿԱ): Իրեն շատ հարմարավետ է զգում, ազատ ժամանակը նվիրում է լեռնային արշավներին, սիրում է հայկական խոհանոցը, բայց ոչ միայն դրա համար է ուզում վերադառնալ. ցանկություն ունի տեսնելու իր աշխատանքի արդյունքը:

Րաֆֆին իր պրակտիկայի ղեկավար, տ.գ.թ. դոցենտ Հայկ Ակարմազյանի հետ

Իսկ իր աշխատանքը կամ առաքելությունը Րաֆֆի Սարաֆեանը համարում է քիմիական լաբորատորիաների և նյութերի պահեստարանների արդիականացմանը նպաստելը: Նա վստահ է, որ Իլինոյսի համալսարանի մոդելով այստեղ կարելի է հաջողել:

Րաֆֆի Սարաֆեան. «ԱՄՆ-ում ուսումնառության տարիները մեծ փորձառություն էին: Կային ծրագրեր, որոնցում ընդգրկվել էի՝ դեռ նախքան համալսարանն ավարտելը: Կարծում եմ, ի վիճակի եմ որոշ դրական փորձ փոխանցել Պոլիտեխնիկի ուսանողներին: Ինքս էլ միշտ բաց եմ նոր գիտելիք ստանալու համար»:

Հաշվի առնելով ամերիկյան կրթության փորձառությունն ու կրթական մշակույթը, Րաֆֆիին ներգրավել են ՔՏԲԿԱ կրթական ծրագրերի միջազգայնացման պրոցեսում:

Րաֆֆի Սարաֆեան. «Ինձ շատ ջերմ են ընդունել: Ես վայելում եմ այն ժամանակը որ անցկացնում եմ այստեղ՝ Հայաստանում, Պոլիտեխնիկում: Եվ առավել քան վստահ եմ, որ այս համալսարանը ի դեմս ինձ ունենալու է ևս մեկ դեսպան: Ես պահպանելու եմ կապը Պոլիտեխնիկի հետ»: