Պոլիտեխնիկը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառումներում

Պոլիտեխնիկը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառումներում

Եվրոպական Միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրում Հայաստանի ներգրավվածությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի հետազոտությունների անմիջական մասնակից դառնալուն, նաև մարտահրավերների լուծման հետազոտություններում ակտիվ դերակատարում ունենալուն`հիմնված ծրագրի մասնակից պետությունների ենթակառուցվածքներին հասանելիություն ստանալու վրա:

Բրյուսելում անցկացված Կլաստեր 5-ի սեմինարներին մասնակցել են Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պ/կ Ռոմիկ Ավոյանը և Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում գ/հ լաբորատորիայի ղեկավար Հայկ Իգիթյանը:

Կլաստեր 5-ը էներգետիկային և տրանսպորտին նվիրված բրոքերային միջոցառում էր, նպատակը եվրոպական երկրների գիտահետազոտական ինստիտուտների և էներգետիկայի ոլորտի ընկերությունների համախմբումն էր՝ քննարկման, գաղափարների ներկայացման, երկրների միջև փորձի փոխանակման և համագործակցությունների հաստատման համար:

Ռոմիկ Ավոյան․ «Այս միջոցառումը հատկապես արժեքավոր էր էներգետիկ արդյունաբերության մեջ եվրոպական մոտեցումները հասկանալու առումով։ Եվրոպական քաղաքականության հարցերի պատասխանատու Անդրեա Հերքսուտը ընդգրկուն և օգտակար զեկույցում ընդգծեց էներգետիկ ոլորտի ներկայիս միտումները, մարտահրավերները և հնարավորությունները: Սա կարևոր էր ԵՄ էներգետիկ ռազմավարության հետ մեր հետազոտություններն ու նորարարությունները համապատասխանեցնելու համար: Եվրոպացի գործընկերները տվեցին գործնական խորհուրդներ, որոնց շնորհիվ նոր համագործակցություններ ու կապեր կհաստատենք»:

Ըստ Ավոյանի, ԵՄ «Հորիզոն Եվրոպայի» Կլաստեր 5 միջոցառումը նպաստավոր էր միջազգային մակարդակով նոր նախագծային գաղափարներ ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև 2024թ. մրցութային նախագծերի առաջարկների համար գործընկերներ գտնելու և կոնսորցիումներում ներգրավվելու առումով:

Համագործակցային նախագծերի վերաբերյալ Պոլիտեխնիկի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Ֆինլանդիայի և Էստոնիայի տեխնոլոգիական համալսարանների հետ։