Պոլիտեխնիկը «Հայաստան-Գերմանիա գիտության օր» երկօրյա ֆորումում

Պոլիտեխնիկը «Հայաստան-Գերմանիա գիտության օր» երկօրյա ֆորումում

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա ֆորումը նպատակ ուներ ամփոփելու վերջին տարիներին գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հիմնական ձեռքբերումները, քննարկելու հետազոտությունների, տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտներում համագործակցային կապերի խորացման և ընդլայնման հնարավորությունները:

Հյուրերի պատվիրակության կազմում Հայաստան էին ժամանել նաև ներկայացուցիչներ ԳԴՀ-ում գործող անվանի գիտական կազմակերպություններից՝ Հետազոտությունների գերմանական հիմնադրամ, Հելմհոլց և Լայբնիցի ասոցիացիաներ, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամ, Մյունխենի տեխնիկական համալսարան – միջազգային ընկերություն և այլն:

Ֆորումի առաջին մասում քննարկվել են հետևյալ թեմաները՝ հետազոտությունների ու նորարարությունների զարգացման ՀՀ գերակայությունները, Գերմանիան՝ որպես հետազոտությունների ու նորարարությունների ոլորտում միջազգային գործընկեր, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցումը, ֆինանսավորման հնարավորությունները: Երկրորդ մասում ներառվել էին ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ:

Հայաստան-Գերմանիա գիտական օրվա շրջանակում մայր բուհում ցուցադրվել է հետազոտական մեկ տասնյակից ավելի նախագիծ: Իր արտադրանքը, լուծումները և ծառայություններն էր ներկայացրել նաև Պոլիտեխնիկական համալսարանը:

Աշոտ Խաչատրյան, ՀԱՊՀ Գիտության գծով պրոռեկտոր ․ «Հատուկ ուշադրության արժանացավ Պոլիտեխնիկի տաղավարը, որում ներկայացված էին բազմաբնույթ մշակումներ՝ ԱԹՍ-ներից մինչև էլեկտրոնիկա և նանոտեխնոլոգիաներ: Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտում արդեն Պոլիտեխնիկի հետ ունեն համագործակցություն և գոհ են ստացված արդյունքից։ Հուսանք, որ միջոցառման շնորհիվ կստեղծվեն նոր կապեր և գիտական նոր համագործակցություններ»:

ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի խոսքով, հանդիպումը լավ հնարավորություն է արտասահմանյան գիտական նորույթները երկիր բերելու, կրթությունը միջազգային մակարդակի գիտական պրակտիկայով ուժեղացնելու առումով. «Մեր համալսարանները, գիտական ինստիտուտներն ու կենտրոնները հնարավորություն ունեին ծանոթանալու ոչ միայն գերմանացի գործընկերների, պաշտոնյաների, հետազոտական ինստիտուտների, այլև հետազոտություն ֆինանսավորող ֆոնդերի հետ և առաջ մղելու գիտությամբ ու հետազոտությամբ համատեղ զբաղվելու նախագծերը»։

Ներկայացվել էին ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի լաբորատորիայում եռաչափ տպիչներով, ԹԾԿ ֆրեզերային հաստոցներով, լազերային կտրիչով պատրաստված մեքենամասերը, որոնք կիրառվում են Պոլիտեխնիկի գործող լաբորատորիաներում պատրաստվող նոր տեխնոլոգիաների ու տեխնիկայի ստեղծման և փորձարկման համար։ Ցուցադրվել էին նաև Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում նախագծված ու ստեղծված անօդաչու թռչող սարքերը, որոնք արժանացել են ներպետական բարձր մրցանակների և պարգևների, ինչպես նաև ՀԱՊՀ «Բանբեր» գիտական հանդեսները, համալսարանի գիտնականների հրատարակած գրքերը։
Մեր տաղավարը ներկայացրել են ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի ինովացիոն ծառայության պետ Հովհաննես Չիբուխչյանը, Ինովացիոն ծառայության ավագ ինժեներ Մովսես Զաքարյանը, ՀԱՊՀ ՏՏ 122 խմբի ուսանող Վահե Սերոբյանը:

Միջոցառումը բաց էր հայաստանյան բոլոր գիտական կառույցների համար։