Պոլիտեխնիկը հյուրընկալել է Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցներին

Պոլիտեխնիկը հյուրընկալել է Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցներին

Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի հետ Պոլիտեխնիկը համագործակցում է Erasmus+ ծրագրի շրջանակում: Գործընկեր բուհի Միջազգային բաժնի ղեկավար Սելինա Հենդզելի և աշխատակից Մագդալենա Գոդզիկի այցի նպատակն էր փորձի փոխանակումը և գիտելիքների ներկայացումը:

Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Պետրոսյանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ հյուրերը շրջել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, ծանոթացել մեր ուսանողների նորարարական գաղափարների ու ստարտափների հետ:

Լեհ գործընկերներին տպավորել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնը՝ նպաստավոր կրթական միջավայրով, որտեղ ուսանողները ստանում են լավագույն կրթություն և ունեն դրա արդյունքը ցուցադրելու հնարավորություն:

Ամբիոնի վարիչ Լևոն Թոքմաջյանի հետ քննարկվել է փոխանակման ծրագրերի հարցը: Այցելել են նաև Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, ծանոթացել ուսումնահետազոտական սարքերին ու ծրագրերին:

Լեհ հյուրերը հյուրը բարձր են գնահատել ՀԱՊՀ լաբորատոր հագեցվածությունը, հույս են հայտնել ապագայում իրականացնել համատեղ հետազոտություններ:

Պոլիտեխնիկը հաջողությամբ ընդգրկված է Erasmus+ բազմաթիվ ծրագրերում, ինչը ենթադրում է ուսանողների, դասախոսների, վարչական անձնակազմի փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, փորձի փոխանակում: