Հարաբերությունների նոր հեռանկարներ․ Պոլիտեխնիկի ներկայացուցիչները 𝐄𝐫𝐚𝐬𝐦𝐮𝐬+ 𝐌𝐄𝐃𝐈𝐀 համակարգման աշխատաժողովում

Հարաբերությունների նոր հեռանկարներ․ Պոլիտեխնիկի ներկայացուցիչները 𝐄𝐫𝐚𝐬𝐦𝐮𝐬+ 𝐌𝐄𝐃𝐈𝐀 համակարգման աշխատաժողովում

Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում (𝐄𝐫𝐚𝐬𝐦𝐮𝐬+ 𝐌𝐄𝐃𝐈𝐀) ծրագրի հերթական համակարգման աշխատաժողովը կայացել է Լատվիայի Ռիսեբայի կիրառական գիտությունների համալսարանում:

ՀԱՊՀ-ից մասնակցել են Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը:

MEDIA ծրագրի նպատակն է խթանել ազգային կրթական համակարգերի զարգացումը Մոլդովայում և Հայաստանում՝ աջակցելու առցանց դասավանդման և ուսուցման բարեփոխումներին՝ հարմարեցված շրջանակային պայմանների, գործնական գործիքակազմի ստեղծման միջոցով, որոնք ունակ են բազմապատկելու անհամադեպ (ասինքրոն) և համաժամանակյա (սինքրոն) առցանց կրթության կարճաժամկետ ու երկարաժամկետ որակի ձեռքբերման երկարատև ազդեցությունները: Ռիգայի հանդիպումը նպատակ ուներ ամփոփել ծրագրի միջանկյալ արդյունքները, կազմել հետագա քայլերի ժամանակացույց:

Անի Մամիկոնյան. «Այս ընթացքում Պոլիտեխնիկական համալսարանը կարևոր աշխատանք է կատարել: Ստեղծվել են երկու առանցքային փաստաթղթեր՝ առցանց կրթության ինստիտուցիոնալ ստանդարտների և առցանց կրթության էթիկայի նորմերի վերաբերյալ: Եվրոպական գործընկեր համալսարաններ երեք այցերի ընթացքում մեր աշխատակիցները ուսումնասիրել են լավագույն փորձը՝ օրենսդրական, ենթակառուցվածքների, առցանց կրթության տեսանկյունից»:

Հաջորդ քայլն է ստեղծել առցանց կրթության վերաբերյալ միկրոկրեդիտային դասընթացներ: Ըստ Ա․ Մամիկոնյանի, հնարավորություն եղավ արդյունավետորեն քննարկել ու հասկանալ գործընկերների մոտեցումները դրանց ստեղծմանը:

Բացի օրակարգային միջոցառումներից, Պոլիտեխնիկի ներկայացուցիչները հանդիպել են Ռիսեբայի համալսարանի Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Գալինա Զիլգալվեի հետ։

Սարգիս Ասատրյանց․ «Բովանդակալից հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, և կիրառական քայլերի տրամաբանական հաջորդականությունը ապահովելու սկզբունքից ելնելով նախանշվեցին ուղղություններ, որոնց շուրջ ապագայում կծավալվի համագործակցություն: Դրանք են՝ բիզնես մենեջմենթը, տվյալների վերլուծությունը և միջազգային բիզնեսը: Քննարկվել են համատեղ դրամաշնորհային նախագծերի մասնակցության, փոխանակման ծրագրերի իրականացման, կարողությունների զարգացման և հետազոտական միջառարկայական ծրագրերին համատեղ դիմելու, նաև ամառային դպրոցներ կազմակերպելու հարցեր: Ի դեպ, այս ուղղությամբ արդեն իսկ որոշ աշխատանքներ սկսել ենք»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կրկնակի դիպլոմի շնորհման ծրագրերի դիմելու վերաբերյալ։

Աշխատաժողովին մասնակցել են Լատվիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, ինչպես նաև Հայաստանի ու Մոլդովայի՝ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ: