Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է․ «Արևային էլեկտրակայանների ինտեգրումը Հայաստանում» խորագրով քննարկում Պոլիտեխնիկում

Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է․ «Արևային էլեկտրակայանների ինտեգրումը Հայաստանում» խորագրով քննարկում Պոլիտեխնիկում

Համագործակցության հնարավոր ուղիները քննության առնելու համար մեկ հարկի տակ էին հավաքվել վերականգնվող էներգիայի մի շարք առաջատար գերմանական, վրացական և հայկական ընկերություններ՝ Eclareon-ը, BSW solar-ը, Euro solar Georgia-ն, SOLARION-ը, Ideas into energy-ն, նաև Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Պոլիտեխնիկական համալսարանը և Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը:

Հանդիպումը նպատակ ուներ ամրապնդելու հայ-գերմանական կապերը, հայկական ընկերություններին ծանոթացնելու առաջատար գերմանական կազմակերպությունների հետ, որոնք քննարկմանը ներկայացրել են ոլորտի նորագույն տեխնոլոգիաները։

ՀԱՊՀ միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը մեծ պատիվ է համարել նման միջազգային միջոցառում հյուընկալելը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Պոլիտեխնիկի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը կայուն էներգիայի աղբյուրների հարցում։ Պրոռեկտորն անդրադարձել է համալսարանի գիտահետազոտական գործունեությանը, ակնառու հաջողություններին, նպատակներին՝ հույս հայտնելով, որ գիտաժողովն էլ իր նպաստը կբերի վերականգնողական էներգիայի ոլորտում ինժեներական մտքի զարգացմանը։

ԳԴՀ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպի խոսքով, երբ նայում ենք պատուհանից ու տեսնում արևը՝ արդեն ունենք էներգիա, և այն, ի տարբերություն այլ աղբյուրների, հավերժ է։ Ըստ դիվանագետի, էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է, և դրանից բխող առավելությունները Հայաստանի համար կարող են արդեն իսկ կիրառելի լինել։

Еclareon ընկերության սեփականատեր Քրիստոֆ Ուրբշատը նշել է, որ 25 տարի աշխատում է վերականգնողական էներգիայի ոլորտում, որն այս ընթացքում մեծ աճ է արձանագրել։ Եվ ինքը մեծ ոգևորությամբ է մտածում առաջիկա հաջողությունների մասին, որոնք նաև Պոլիտեխնիկական համալսարանում ձևավորվող գործընկերությունների արդյունք են լինելու։ Ըստ գործարարի, հաջող գործակցություն ունենալու համար բավարար չէ փաստաթղթերի ստորագրումը, հարկավոր է անձնապես ծանոթանալ գործընկերների հետ։

Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պ/կ Ռոմիկ Ավոյանը ընդգծել է, որ լինելով տարածաշրջանի առաջատար տեխնոլոգիական համալսարաններից մեկը, Պոլիտեխնիկը նպատակադրվել է դառնալ «Կանաչ համալսարան»: Վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող քայլերը հենց համալսարանում ապահովում են արդյունք՝ ընդհուպ ենթակառուցվածքների զարգացում և արդիականացում։ Նա հյուրերին ներկայացրել է բուհի արևային կայանները, նշելով, որ որոշ դեպքերում դրանք գրեթե ամբողջությամբ ապահովում են շենքերի էներգետիկ պահանջները։

Հայաստանում փորձարարական լաբորատորիաների բացակայությունը արևային էներգետիկայի զարգացման խոչընդոտ է բնորոշել SOLARION ընկերության շուկայավարման տնօրեն Արթուր Արզումանյանը, ընդգծել, որ դրա պատճառով հայկական ընկերությունները որոշ ծրագրերից դուրս են մնում։

Բիզնեսի ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել կարիքների գնահատման, վերապատրաստումների ու փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի քննարկումը: Հյուրերը կարևորել են նաև մարզերում ոլորտային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։