Գիտական գործակցության նոր շրջանակներ. ՀԱՊՀ ներկայացուցչի գործուղումը Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարան

Գիտական գործակցության նոր շրջանակներ. ՀԱՊՀ ներկայացուցչի գործուղումը Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարան

Էրազմուս+ KA1-ի շրջանակում ՀԱՊՀ ՏՀՏԷ ինստիտուտի էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգեր ամբիոնի դոցենտ, «Միկրո և նանո էլեկտրոնիկա» բազային գ/հ լաբորատորիայի գիտական ղեկավար Նորայր Մարտիրոսյանը գործուղվել էր Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարան:

Նպատակը Կոշալինի պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրոնիկայի և համակարգչային գիտության դեպարտամենտում դասավանդելը և նույն դեպարտամենտի հոբելյանական միջոցառումներին մասնակցելն էր:

Նորայր Մարտիրոսյան․ «Աշխատանքային ծրագրում նախատեսված էին աշխատաժողովներ, որոնց ընթացքում վեր էին հանվում բուհերի միջազգայնացման փորձը և զարգացման հեռանկարները: Ես ներկայացրել եմ Հայաստանի պատմամշակութային արժեքները, գիտական, ակադեմիական հաստատությունները, մասնավորապես՝ Պոլիտեխնիկական համալսարանը և մեր բազային լաբորատորիայի նեղ մասնագիտական, գիտական գործունեությունը։ Հանդես եմ եկել նաև ֆերոէլեկտրիկ նյութերի սինթեզի ու դրանց հենքով նանոթաղանթների և նանոսարքերի ստացման տեխնոլոգիայի վերաբերյալ զեկույցով»:

Կոշալինի համալսարանում դասավանդելու փորձառությունը Նորայր Մարտիրոսյանը համարում է ինչպես իր անձնական և մասնագիտական զարգացման, աճի հնարավորություն, այնպես էլ Պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացմանը նպաստող գործունեություն, որը կօգնի միջհամալսարանական կապերի հետագա ընդլայնմանը:

«Մեր բազային գ/հ լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների շրջանակը, գիտական ուղղությունը և զարգացման միտումները շատ հետաքրքրեցին դեպարտամենտի դեկան Կրիշտոֆ Ռոկոշինին։ Համատեղ գործունեություն սկսելու նպատակով նա հաջորդ տարի կայցելի Պոլիտեխնիկական համալսարան», -նշում է Ն․ Մարտիրոսյանը։

Լեհ գործընկերոջ հետ ծրագրված քննարկումների թվում է կրկնակի դիպլոմի տրամադրմամբ կրթության կազմակերպումը։