«Մեր երազանքների իրականացման ճանապարհին»․ սաների հրաժեշտը Պոլիտեխնիկի մանկապարտեզին

«Մեր երազանքների իրականացման ճանապարհին»․ սաների հրաժեշտը Պոլիտեխնիկի մանկապարտեզին

Բուհի 2-րդ մասնաշենքի ճեմասրահը տոնական շնչով էր լցրել Պոլիտեխնիկի մանկապարտեզի 2024 թվականի ավարտական միջոցառումը: Հնչում էր ուրախ երաժշտություն, երեխաները երգում ու պարում էին, արտասանում՝ գեղեցիկ ու մաքուր հայերենով, զարմացնում անգլերենի իմացությամբ։ Կատարումների մեջ ուրույն տեղ ուներ հայրենասիրության թեման՝ հայրենիքին ու եռագույնին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։

Հանդեսին ներկա ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջույնի խոսքում բարի երթ մաղթեց երեխաներին․ «Այս գեղեցիկ միջոցառման գույները թող ուղեկցեն ձեզ ողջ կյանքում, որպեսզի դուք լինեք գիտակ, բարեկիրթ, ժամանակակից, որ հաղթեք գիտելիքի ուժով։ Մաղթում եմ ձեզ մեծ ապագա»։

Ապա, դիմելով ներկաներին, ռեկտորը շարունակեց. «Այս միջոցառումը ազդակ էր, թե ում համար ենք աշխատելու, թե այս փոքրիկների շարունակական կրթությունը ինչպես ենք կազմակերպելու՝ դպրոցում, քոլեջում, համալսարանում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին․ դուք ապացուցեցիք, որ Պոլիտեխնիկի մանկապարտեզը ոչ թե ժամանակ անցկացնելու ապահով վայր է, այլ նախակրթարան, որտեղ ստացած կրթության շնորհիվ հետագայում երեխաները մեծ հաջողություններ կարձանագրեն»։

Երեխաները անձամբ բուհի ղեկավարից ստացան ավարտական վկայականները և դպրոցի համար նախատեսված նվերներ՝ նրա մակագրությամբ հեքիաթների ժողովածու և գրենական պիտույքներ։

Ծնողները տարբեր ոլորտներում են տեսնում իրենց երեխաների հետագա ուղին, մի մասն էլ արդեն հստակ կողմնորոշում ունի՝ ուսումը շարունակվելու է Պոլիտեխնիկում:

«Պոլիտեխնիկի մանկապարտեզի կրթական ծրագիրը, այն մեծ աշխատանքը, որը տարվում է երեխաների հետ, անգնահատելի է և կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի զարգացման ու հետագա ճանապարհի վրա։ Օրինակ Աշոտի հետաքրքրությունները կապված են ռոբոտաշինության հետ, արդեն սիրում է ինժեներությունը, լեզուներ, ընդհանրապես, սիրում է սովորել։ Այդ հիմքերը վստահաբար Պոլիտեխնիկի մանկապարտեզն է դրել», – ասում է Ավագյան Աշոտի մայրիկը՝ Լիլի Հարությունյանը։

Թորգոմյան Ռուբենի մայրիկ Տաթև Սաֆարյանի խոսքով, իրենց ընտանիքում ժառանգական է կապվածությունը Պոլիտեխնիկի հետ. «Ամուսինս հաճախել է Պոլիտեխնիկի մանկապարտեզ: Այստեղ են սովորել նաև Ռուբենի քույրիկն ու եղբայրը, բնական է, նա նույնպես պետք է գար Պոլիտեխնիկ։ Շնորհակալ եմ մանկապարտեզի մանկավարժական կազմին, դաստիարակներին։ Այստեղ յուրաքանչյուր երեխա, իրոք, անհատական վերաբերմունքի է արժանանում։ Կցանկանամ, որ տղաս Պոլիտեխնիկական համալսարանում սովորի և շարունակի ընտանեկան ավանդույթը։ Ռուբենի պապիկն էլ երկար տարիներ դասավանդել է համալսարանում»։

Հուզիչ էր մանկապարտեզի տնօրենի ժ/պ Լիլիթ Անդրեասյանի խոսքը․ «Սիրելի սաներ, գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Ձեզ համար բացվում է նոր կյանքի ճանապարհ: Մաղթում եմ, որ այդ ճանապարհին յուրաքանչյուրդ գտնեք ձեր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանը, գովասանքին, պարծանքին ու համակրանքին։ Եղեք գիտելիքով հզոր, հոգեպես գեղեցիկ, ապրեք արժանապատվորեն: Անմնացորդ սիրեք մեր հայրենիքը»: