Աշխարհ, որտեղ դեռ այնքան բան կա անելու

Ալֆրեդ Պետրոսյան, ֆիզմաթ գ.թ. դոցենտ, ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ

 

      Ֆիզիկա՝ իմ ամեն ինչը

Մարդկությունը հազարամյակներով է ուսումնասիրում բնության օրինաչափությունները, բայց վերջը դեռ չի երևում: Ինձ մոտ ամեն վայրկյան է առկայծում միտքը, թե ինչքան բան դեռ սպասում է իր հայտնագործմանը: Որպես ամենահեռանկարային ուղղություն ես կառանձնացնեի քվանտային ֆիզիկան. քվանտային կետեր, քվանտային չափային էֆեկտներ՝ հիմնված նանոհամակարգերի վրա: Տղայիս ընկերը կիբերնետիկ է, հարցնում եմ՝ P-n անցման վրա կառուցված սարքերը ձեզ պետք գալի՞ս են /կիսահաղորդիչների էլեկտրահաղորդականության էլեկտրոն–խոռոչային անցումներ/: Ասում է՝ այո, բայց դրանք մենք ստանում ենք դրսից՝ պատրաստի պարամետրերով: Իսկ պարամետրերը փոփոխել որևէ կերպ չենք կարող:

Բացատրեմ. դրանք աշխատում են տարածական լիցքի տիրույթում, որը բավականին մեծ է ատոմային շերտի համեմատ: Եթե այդ P-n անցումները դիտարկվեն քվանտային չափային էֆեկտներով՝ արդեն կարող է լրիվ ուրիշ գիտություն լինել, ուրիշ արագություն: Լրիվ ուրիշ տրանզիստոր կամ դիոդ պատրաստվի: Որից մենք ոչ թե հեռու ենք, այլ պարզապես այդ չափերի համակարգեր տեխնիկապես ի վիճակի չենք ստեղծել: Բայց պարամետրերի հաշվարկ կարող ենք անել: Այս թեման ինձ համար նաև խիստ անձնական չափում ունի:

      Իմ ամենալուրջ ձեռքբերումն ու հիասթափությունը

Գիտական ղեկավարս Զատիկ Կասամանյանն էր, շատ պատրաստված մասնագետ: 1990-ին մահացավ, երիտասարդ տարիքում՝ 50-ը չէր բոլորել:

Զատիկ Կասամանյան

Ես այդ ժամանակ 32 տարեկան էի, համատեղ աշխատում էինք կիսահաղորդչային հետերոստրուկտուրաների ուղղությամբ: 90-ականները բարդ ժամանակներ էին, Կասամանյանի մահից հետո ես միայնակ շարունակեցի և 91-ի ամռանը տվեցի լուծումը: Բայց…

Այդ շրջանում մԵր ամբիոնում էլ հարաբերությունները չէի ասի, թե շատ հարթ էին: Իսկ թեման պետք է անցներ ամբիոնով, ստանար դրական եզրակացություն ու հետո միայն ուղարկվեր միջազգային գիտական ամսագրերին: Կասամանյանը չկար, և ես ուժ չգտա այդ խնդիրը ձևակերպել-ուղարկելու, որովհետև հիմնական գործը միասին էինք արել: Իսկ 3 տարի անց «Физика твердого тела» (Պինդ մարմնի ֆիզիկա) ամսագրում Նովոսիբիրսկի համասարանը տվեց փորձնական հիմնավորումը: Ամբողջովին համընկնում էր մեր տեսական հաշվարկի հետ: Դա իմ ամենամեծ ափսոսանքն է, որ հոգեպես պատրաստ չլինելով՝ ավելի վաղ չեմ հրապարակել:

2003թ.

Հետագայում այդ մասին մտածելիս ինձ վատ եմ զգացել, քանի որ խնդիրը ճիշտ էր լուծված: Ու վիրավորական էր, երբ մեզ մոտ որևէ մեկը դրան թերահավատորեն էր վերաբերվում: Այդ հետերոստորւկտուրաների հիման վրա հետագայում ստեղծվեցին նանոստրուկտուրաները:

Կասամանյանը դեռ 35 տարի առաջ էր հասկացել հետերոստուկտուրաների էներգետիկ սպեկտրի փոփոխության հեռանկարը: Մինչև օրս ճնշվածության զգացումը չի անցնում:

      Առջևում պարտադրված նորարարությունն է

Կյանքը և շուկան այսօր թելադրում են, թե ֆիզիկան որ ուղղությամբ գնա: Իրենց տեխնոլոգիաների, պարամետրերի համար պահանջում են համապատասխան նյութեր, որոնք կարող է ստեղծել միայն ֆիզիկան: Նոր նյութերի մասով ֆիզիկան ինքնուրույն է լուծում խնդիրը՝ նորերը ստացվում են առկա, հայտնի նյութերի լիգերացման միջոցով: Այսօրվա արագությունները նանովայրկյաններով են չափվում: Ցանկալի պարամետրը ստանում ես՝ կախված լիգերացման աստիճանից: Այսօրվա սարքերը աշխատում են դասական ֆիզիկայի էֆեկտներով, բայց երևի մոտ 20 տարուց բոլորը կաշխատեն քվանտային չափային էֆեկտներով:

Իսկ նորարարությունը հիմա արդեն կյանքն է պարտադրում: Դա ոչ այնքան  հետազոտողի «խենթությամբ» է պայմանավորված, որքան տնտեսության պահանջարկով: Հիմա ոչ թե մասնագետն է նստում-մտածում, թե ինչ անի, այլ կա պահանջ, հրամայական՝ նորարար լինելու:

      Իմ անձնական մոտիվացումը

Ֆիզիկան ինքն է, ֆիզիկայով զբաղվելը: Դա կյանքիս իմաստն է: Երջանկություն է, երբ գտնում ենք մեզ համար չլուծված խնդրի լուծման մի ձև: Ոչ միայն ինձ համար եմ ասում, աշակերտներիս էլ: Անձնական պահանջ է…

Իհարկե, կան խթանող, «սնուցող» գործոններ: Դրանք են Պոլիտեխնիկի միջազգային համագործակցությունները, կոնֆերանսները, հրապարակումները, օլիմպիադաները: Ես ձգտում եմ, որ աշակերտներս տեսականը մինչև վերջ ընկալեն, ու դա մեր օլիմպիական խմբակների հաջողության հիմքն է:

2023-2024թթ. ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի օլիմպիական խմբակի անդամների հետ

Երբ տեսությունը լավ է յուրացվում, հոդվածը գրելը ստացվում է ինքնաբերաբար: Աշակերտի մոտ առաջանում է «դատարկ տեղը» լրացնելու բնական ցանկություն: Օրինակ, մեր Արտյոմի, Նարեկի ու Արմենի հետ կոնդենսատորների վերաբերյալ ուսումնասիրություն ենք անում, դասական թեմա է, բայց «դատարկ տեղ» կա: Ոչ թե նպատակադրվել ենք գրել, այլ պարզապես տեսել ենք, որ չհասկացված բաներ կան՝ միացումների ձևերը, թիթեղների դիրքի փոփոխությունը, լիցքավորումը, առավելագույն էներգիան… շատ են:

      Խորհուրդս սկսնակ ֆիզիկոսներին

Նվիրվե՛ք գործին: Ճանաչումն ու գնահատումը ժամանակի հետ կգան։ Իհարկե, պետությունն էլ պետք է շատ չուշացնի իր վերաբերմունքը։