ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով։ Նպատակը՝ կարևորել ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը։
Համաժողովին մասնակցել է նաև ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Խլոյանը.
«Շատ եմ կարևորում այսօրինակ միջոցառումները, որոնք նաև հայացքները վերանայելու հնարավորություն են տալիս։ Այսօր կարևոր է, որ յուրաքանչյուր ուսուցիչ իր առարկայի դասավանդման շրջանակում կարողանա որպես վերջնարդյունք զարգացնել չափորոշիչով սահմանված 8 առանցքային կարողունակությունները՝ շեշտը դնելով կրթության 4 հիմնասյուների վրա՝ սովորել-իմանալ, սովորել-գործել, սովորել-լինել, սովորել-ապրել միասին»։
Համաժողովի առաջին՝ համայնքային փուլին, մասնակցել են 700-ից ավելի ուսուցիչներ, որոնցից 600-ը՝ որպես խոսնակ։ Գնահատող հանձնախմբերի ընտրած լավագույն զեկուցումները ներկայացվել են երկրորդ՝ հանրապետական փուլին։ Դրանց թվում է եղել նաև մեր ներկայացուցչի զեկուցումը՝ «Առարկայական դասաժամը՝ որպես արժեքների և վերաբերմունքի ձևավորման գործոն» թեմայով:
«Կիսվել եմ իմ փորձով առ այն, թե կրթությունը ինչպես կարող է նպաստել պետության զարգացմանը։ Կրթությունը մեր պատասխանատվությունն է ապագայի հանդեպ։ Իսկ որակյալ կրթություն ապահովելու համար կարևոր պայման է ուսումնառության բովանդակությունը ճիշտ մատուցելու հմտությամբ օժտված ուսուցիչների առկայությունը, ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բարենպաստ միջավայրը, ինչպես նաև սովորողի պատասխանատու վերաբերմունքը։ Դրա արդյունքում մենք՝ ուսուցիչներս, պետք է ունենանք դրական վերաբերմունք յուրաքանչյուր սովորողի նկատմաբ և արժևորենք կարողունակ քաղաքացու ձևավորման գործում մեր մասնակցությունը», -ասում է Ա․ Խլոյանը։
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ուսուցչուհին ընդգծում է, որ ուսուցիչը դասարանում ստեղծված մթնոլորտով ու միջավայրով երեխաներին անուղղակիորեն սովորեցնում է տեսնել ու գնահատել արժեքները։ Ըստ այդմ, պետք է կարողանանք տանել այն բանին, որ աշակերտները առօրյա գործունեության մեջ դառնան այդ արժեքների կրողը։